10 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ դեկտեմբերի վաճառքների։
Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» առաջին տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:
Դեյլ Քարնեգիի «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» գիրքը երկրորդ տեղում է։ Քարնեգիի նոր թարգմանված գիրքը արդեն հասանելի է ընթերցողներին: Պետք է կարողանալ վայելել կյանքը՝ ինչպիսին էլ որ այն մեզ բաժին ընկած լինի։ Անհանգստությունը մեծագույն չարիք է, որը ավելի շատ է քայքայում մարդու առողջությունը, քան ցանկացած հիվանդություն։ Քարնեգին այս գիրքը գրել է հենց այդ նպատակով, որպեսզի ուրիշ մարդկանց հետ կատարված օրինակների հիման վրա մեզ պարզ և մատչելի կերպով սովորեցնի ամենակարևորը. որ կյանքը պետք է շարունակել վառ գույներով...
Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը երրորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:
Չորրորդ տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։
Հինգերորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:
Գարեգին Նժդեհի «Ազատ Սյունիք» գիրքը վեցերորդ տեղում է։ Այն ներկայացնում է «#Լեռնահայաստան» գրքաշարի երկրորդ մասը, որտեղ տեղ են գտել Գարեգին Նժդեհի հուշերը, հրամաններն ու հոդվածները Լեռնահայաստանի գոյամարտի մասին: «Ազատ Սյունիք» գիրքը «Ինչու պայքարեց Լեռնահայաստանը» գրքի տրամաբանական և վավերագրական շարունակությունն է։
Այստեղ են ներկայացված Լեռնահայաստանի պատմության կարևորագույն էջերը Սպարապետի հուշերի տեսքով։
Իտալացի հեղինակ Լուկա Կայոլիի «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» սպորտային բեսթսելերը յոթերորդ հորիզոնականում է: Կայոլին իր գրքում բացում է ֆուտբոլիստի մանկության մութ ու ծանր էջերը, նրա առողջական խնդիրների ծագումը: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել: Նրանց համար, ովքեր ծանոթ չեն Լիոնել Մեսսիի կենսագրությանը, հետաքրքիր կլինի իմանալ, որ ինչ-որ ժամանակ նա այնքան մեծ «սպառնալիք» է եղել ֆուտբոլի համար, որ իսպանական ակումբները ջանք ու եռանդ չեն խնայել նրա պայմանագիրը գնելու կամ նրա առողջական խնդիրները վեր հանելու համար։ Գրքում տեղ են գտել նաեւ բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլային հանճարին շատ լավ ճանաչողների եւ հենց իր՝ Մեսսիի հետ:
Ութերորդ հորիզոնականում է Դեյլ Քառնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը, որը գործնական խորհուրդների և կյանքից վերցրած պատմությունների հավաքածու է։ Քառնեգին օգտվել է հաջողակ հռչակավոր մարդկանց ասույթներից և որպես օրինակ ներկայացրել իր աշակերտների, ընկերների, ծանոթների փորձը։ Գրքի նպատակն է կատարելագործել մարդկանց հոգեբանությունը և, ինչպես հեղինակն է ասում, օգնել մարդկանց լույս աշխարհ հանել, զարգացնել և առավելագույնս օգտվել մտավոր ու ֆիզիկական այն բոլոր կարողություններից, որոնց միայն չնչին մասն ենք օգտագործում:
Գարեգին Նժդեհի «Գլխովին կորչելու վտանգը» գիրքը իններորդն է։ Գրքում Նժդեհն անդրադառնում է Հայաստանի աշխարհագրական դիրքին, որն ավելի մտահոգիչ է, քան քաղաքական ճակատագիրը: Նա ասես կանխատեսել էր Քառասունչորսօրյա պատերազմը՝ մատը դնելով պանթուրքիզմի նկրտումների վրա։ Խոսելով գլոբալիզմի մասին և դրա դեմ՝ Նժդեհը կարևորում է հայրենասիրությունը և սեփական ուժերին ապավինելու հանգամանքը։ Նա քննադատում է դժբախտություններն արտաքին պատճառների վերագրելու և փրկությունը դրսի ուժերից սպասելու մոլորությունը։ Նժդեհն աններելի է համարում պարտությունը՝ չընդունելով որևէ արդարացում. «Չէ՞ որ միշտ էլ երկու բերանով կարելի է ապացուցել, որ պարտության օրը հացը ժամանակին չհասավ, թշնամին թվական գերազանցություն ուներ...»։ «Չսարսափենք, բայց և առանց սին պատրանքների և ավելորդ նախապաշարումների ընդունենք այդ դառը ճշմարտությունը՝ մեր ապագան վտանգված է»,– սթափեցնում է զորավարը։
Տասներորդ տեղում է Սքոթ Գալուեյի «Մեծ քառյակը»։ Amazon-ը, Apple-ը, Facebook-ը և Google-ը մոլորակի չորս ամենաազդեցիկ ընկերություններն են: Գրեթե բոլորը վստահ են, որ տեսել են այս ընկերությունների անցած ճանապարհը կամ առնվազն գիտեն, թե դրանք ինչպես են հասել բիզնես Օլիմպոս: Իրականում գրեթե բոլորն էլ սխալվում են:
Այս 4 հսկաների մասին վերջին երկու տասնամյակում պատմել ու գրել են շատերը, բայց Սքոթ Գալուեյի ձեռագիրը բոլորից տարբերվում է։ Այս ընկերությունների գեներացրած առասպելներին տրվելու փոխարեն՝ Գալուեյն իր գրքում կարևորագույն հարցեր է տալիս: Աշխարհին հայտնի բիզնես պրոֆեսորը քանդում է Մեծ քառյակի բազմաշերտ ռազմավարությունների կծիկը և բացահայտում այն, ինչ թաքնված է հաջողության քողի տակ: Նա ցույց է տալիս, որ այս չորս հսկաները մարդկանց հուզական ընկալումները շահագործում են այնպիսի արագությամբ և ծավալով, որը հասու չէ մյուսներին: Հեղինակը նաև թվարկում է նրանց տված արժեքավոր դասերը, որոնք ուրիշները կարող են կիրառել իրենց սեփական բիզնեսում կամ կարիերայում:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +1 |
Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալես «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» |
Դավինչի | 110 | |
| 2 | +6 |
Դեյլ Քարնեգի «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» |
Ավրորա | 80 | |
| 3 | +2 |
Ջեյմս Քլիըր «Ատոմային սովորություններ» |
Էդիթ Պրինտ | 79 | |
| 4 | 0 |
Ռոբերտ Կիյոսակի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» |
Անտարես | 72 | |
| 5 | -2 |
Ջոն Ստրելեքի «Սրճարան աշխարհի եզրին» |
Դավինչի | 68 | |
| 6 | Նոր |
Գարեգին Նժդեհ «Ազատ Սյունիք» |
հեղ․հրատ | 60 | |
| 7 | * |
Լուկա Կայոլի «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» |
Newmag | 58 | |
| 8 | +1 |
Դեյլ Քառնեգի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» |
Ավրորա | 54 | |
| 9 | Նոր |
Գարեգին Նժդեհ «Գլխովին կորչելու վտանգը» |
Վերնատուն | 54 | |
| 10 | Նոր |
Սքոթ Գալուեյ «Մեծ քառյակը» |
Newmag | 54 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Ցանկում ներառված չեն հանրագիտարանները
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: