Տնտեսություն

Չինաստանը Հայաստանի կտրամադրի 100 մլն յուանի չափով օգնություն. համաձայնագիրը ներկայացվեց ԱԺ-ին

2 րոպեի ընթերցում

Չինաստանը Հայաստանի կտրամադրի 100 մլն յուանի չափով օգնություն. համաձայնագիրը ներկայացվեց ԱԺ-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջեւ` տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

«Այս համաձայնագրով Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրվում է 100 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսության համար հեռարձակման դահլիճի նախագծի, այդ թվում` փոխհամաձայնեցված այլ նախագծերի քննարկման և իրականացման համար»,-ասաց Սաֆարյանը:

Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրվել են 5 տասնյակից ավելի համաձայնագրեր, արձանագրություններ, հուշագրեր: Ակտիվ համագործակցություն է ընթանում նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում:

Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ համաձայնագրում առկա են ՀՀ-ի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթ, մասնավորապես համաձայնագիրը կարող է հանգեցնել պետբյուջեի ծախսերի ավելացման՝ պարտադիր ծախսերի մասով և եկամուտների նվազեցման՝ հարկային և մաքսային արտոնությունների մասով: ԱԳՆ-ն նպատակահարմար է համարում ստորագրված համաձայնագրի վավերացումն ԱԺ-ի կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում