Քաղաքականություն

Հարավային Կովկասում առաջնորդվում ենք «մի վնասիր» սկզբունքով. Լավրով

2 րոպեի ընթերցում

Հարավային Կովկասում առաջնորդվում ենք «մի վնասիր» սկզբունքով. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Հարավային Կովկասում առաջնորդվում է «մի՛ վնասիր» սկզբունքով, սակայն տարածաշրջանում ոչ բոլոր խաղացողներն են կիսում այս մոտեցումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որը կարելի է բնութագրել որպես «մի՛ վնասիր», և ամենագլխավորը՝ բոլոր ի հայտ եկած խնդիրների լուծմանը նպաստելու սկզբունքով, որն առաջին հերթին, հիմնված կլինի երեք առաջնորդների սկզբունքային համաձայնությունների վրա՝ նրանց չորս հայտարարությունների շրջանակներում», - մեջբերում է Լավրովի խոսքերը ТАСС գործակալությունը:

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ մյուս սկզբունքն է՝ ապահովել տարածաշրջանի երկրների միջև փոխշահավետ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցություն:

«Ոչ բոլոր խաղացողներն են առաջնորդվում նույն սկզբունքներով, հատկապես նրանք, ովքեր գտնվում են Հարավային Կովկասից հեռու», - ասել է Լավրովը:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանի տարածքում Եվրամիության քաղաքացիական առաքելությանը: Լավրովի խոսքով՝ դա «բազմաթիվ հարցեր է առաջացնում իր լեգիտիմության առումով»։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է ԵՄ-ն բացահայտորեն չարաշահում իր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ, այդ թվում՝ առաջ մղելով իր, այսպես կոչված, առաքելությունը Հայաստանի տարածքում, ինչը լեգիտիմության առումով լուրջ կասկածներ է առաջացնում», - ասել է նա։

Այս առաքելությունն, ըստ Լավրովի, «բազմաթիվ հարցեր է առաջացնում», այդ թվում՝ «իր գործառույթների, մանդատի, տևողության, ինչպես նաև այն հավելյալ արժեքի առումով, որ այն կարող է բերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»:

«Բայց կողմերի ինքնիշխան ընտրությունն է՝ ում հետ համագործակցել, ում հետ՝ ոչ», - հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում