Քաղաքականություն

Հաագայի դատարանի որոշմամբ արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը. Փաշինյան

5 րոպեի ընթերցում

Հաագայի դատարանի որոշմամբ արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը. դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար և շեշտեց, որ որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փետրվարի 22-ին դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին հրապարակված որոշմանը:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման կապակցությամբ Հայաստանն անցյալ տարի հրատապ կերպով դիմել էր Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակներում ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջով՝ դատարանին խնդրելով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը: Ադրբեջանն էլ հունվարի 4-ին հայելային պահանջ էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի, որը վերաբերում էր Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումներին:

«Դատարանը երեկ հրապարկեց իր որոշումները՝ բավարարելով Հայաստանի պահանջը և մերժելով Ադրբեջանի պահանջը: Պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը: Դատարանը շեշտեց, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար»,-ասաց Փաշինյանը՝ դա համարելով չափազանց կարևոր որոշում:

Վարչապետն անդրադարձավ այդ որոշման քաղաքական ազդեցությանն ու նշանակությանը: Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է: Փաշինյանը նկատեց՝ սա կարող է հանրության տարօրինակ արձանագրում թվալ՝ այն իմաստով, որ Լաչինի միջանցքի փակ լինելը ակնհայտ է բոլորի համար: «Բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, թե Լաչինի միջանցքը փակ չէ: Թե ինչքան էին միջազգային հանրության ներկայացուցիչները հավատում, դա ուրիշ հարց է: Բայց սրանով արձանագրվեց միջազգային հանրության մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը: Եվ դա արձանագրեց համաշխարհային բարձրագույն դատական ատյանը»,-ասաց վարչապետը:

Նա երկրորդ կարևոր հանգամանքը համարեց այն, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար՝ ըստ էության լուրջ չհամարելով միջանցքը «էկոակտիվիստների» կողմի փակելու հանգամանքը, և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը:

Դատարանը նաև վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը, որ 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը՝ ԼՂ-ից դեպի Հայաստան և ՀՀ-ից դեպի ԼՂ, և Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո:

«Ըստ էության դատարանն արձանագրեց, որ սա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է: Մյուս կարևոր հանգամանքը հետևյալն է՝ դատարանը հստակ արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը՝ համաձայն 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ըստ այդմ նաև տվյալ հայտարարությանն ու նրա դրույթներին, այդ թվում՝ ԼՂ-ի և շփման գծի առկայության վերաբերյալ տրվեց միջազգային իրավական նշանակություն»,-նկատեց վարչապետը:

Միևնույն ժամանակ դատարանն արձանագրել է, որ միջանցքի փակման հետևանքով խաթարվել են սննդի, դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները ԼՂ-ին, սահմանափակվել է էթնիկ հայերի հասանելիությունը մի շարք կենսական բժշկական ծառայություններին՝ այսպիսով հաստատելով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում