Հասարակական

Իտալիայի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

3 րոպեի ընթերցում

Իտալիայի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 22-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի, արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանի, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանի և Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի ուղեկցությամբ:

331264170_436120062021103_940291715700654063_n.jpg (663 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամից, հյուրերին դիմավորե է և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: «Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Պարոն Ջենարո Սանջուլիանոն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

331767557_745628650211846_7322477289662719244_n.jpg (542 KB)

Հարություն Մարությանը նրանց պատմեց Հուշապատի մասին, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:

Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

332086702_1930452807303517_6652291741599930364_n.jpg (1.80 MB)

Ըստ աղբյուրի՝ այցի ավարտին ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Շուշան Խաչատրյանը Իտալիայից ժամանած հյուրերին ներկայացրել է մի քանի ամիս առաջ Իտալիայում ՀՀ դեսպանության միջոցով Հայոց ցեղասպանության թանգարանին տրված Հայր Սալվատորե Լիլլիի (1853-1895) վերաբերյալ բացառիկ փաստաթղթեր, որոնցում Սալվատորե Լիլլին, որպես ականատես, նաև նկարագրում է Օսմանյան կայսրության՝ հայ բնակչության դեմ իրագործած բռնաճնշումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում