Հատուկ նախագծեր

Մանկական կաթնախառնուրդների շուկան ունի միջին կենտրոնացվածություն. Մրցակցության հանձնաժողովը ներկայացեց ուսումնասիրության արդյունքները

4 րոպեի ընթերցում

Մանկական կաթնախառնուրդների շուկան ունի միջին կենտրոնացվածություն. Մրցակցության հանձնաժողովը ներկայացեց ուսումնասիրության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին ուսումնասիրել է հինգ կարևոր նշանակություն ունեցող շուկաներ՝ բեռնափոխադրումների, մանկական կերերի, բուսական յուղերի (արևածաղկի կամ եգիպտացորենի ձեթ), էլեկտրոնային առևտրի և աջակցող միջոցների:

«Արմենպրես»-ի «Փոդքաստ»-ի տաղավարում այս անգամ անդրադառնալու ենք մանկական կերերի շուկայում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրականացրածուսումնասիրություններին:

Շուկաների վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Արմենուհի Հարությունյանն ընդգծեց, որ հանձնաժողովը 2022 թվականին իրականացրել է ՀՀ-ում մանկական կերերի և մանկական խնամքի համար անհրաժեշտ այլ պարագաների շրջանառության ոլորտի ուսումնասիրություն, որի ընթացքում դիտարկվել են մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդները, ինչպես նաև մանկական տակդիրները:

«Ուսումնասիրության հիմնական ուղղությունները եղել են շուկաների կառուցվածքը, շուկաներում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների կազմը և ծավալները, մանկական կերերի և մանկական խնամքի համար անհրաժեշտ այլ պարագաների ինքնարժեքը ձևավորող բաղադրիչների և իրացման գնի ձևավորման մեխանիզմները, իրացման գների փոփոխության վրա ազդող հիմնական գործոնները: Ինչպես նաև ուսումնասիրել ենք ՀՀ և միջազգային շուկաների զարգացման միտումները, փոխկապակցվածությունը և ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը»,-ասաց մասնագետը:

TAT_1807.JPG (408 KB)

Շուկաների վերլուծության բաժնի գլխավոր մասնագետն ընդգծեց, որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մանկական կաթնախառնուրդների շուկան ունի միջին կենտրոնացվածություն: ՀՀ շուկան հագեցած է մանկական կերերի և կաթնախառնուրդների համաշխարհային բոլոր հայտնի ապրանքանիշերով: «Մինչդեռ սպառողները հիմնականում հավատարիմ են մնում իրենց կողմից օգտագործվող ապրանքանիշին, ինչը կարող է որոշակիորեն սահմանափակել նոր տնտեսավարողների մուտքը շուկա: Մանկական տակդիրների շուկան ունի բարձր կենտրոնացվածության աստիճան, շուկայում մրցակցությունը տեղի է ունենում երկու հիմնական ապրանքանիշների միջև»,-նշեց նա:

Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրություններին և առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Հանձնաժողովի կողմից ուսումնասիրած մյուս երեք ոլորտներին կարող եք ծանոթանալ մեր հաջորդ թողարկումներում:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տարեկան ընտրում է հինգ շուկա, կախված երկրի ռազմավարական նշանակության ոլորտներից, որոնք ունեն սոցիալական նշանակություն, շատ սպառում, ինչպես նաև հաշվի են առնվում սպառողների կողմից բարձրաձայնած և մամուլում տեղ գտած բողոքները:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հիմնական գործառույթը շուկայում հավասար, արդար մրցակցություն ապահովելն է. այսինքն՝ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ տնտեսվարողները կարող են միմյանց հետ արդար մրցակցել:

Այս գործառույթը իրականացնելու համար հանձնաժողովը հիմնականում երկու ուղղությամբ է ծավալում իր գործունեությունը, այսինքն՝ հարուցում է վարույթներ կոնկրետ ոչ օրինապահ տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու և նրանց գործունեությունը օրինական դաշտ բերելու համար, երբեմն նաև պատժամիջոցներ կիրառելու տեսքով:

Գայանե Գաբոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում