Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքների մեկնարկին՝ պատասխանելով լրագրողի հարցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրության մեջ ասվում է, որ լրագրողը հնչեցրել է հետևյալ հարցը. «Փետրվարի 20-ին Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը սկսում է իր աշխատանքը։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին»:

«Ընդգծելով նոր առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը՝ Եվրամիության ներկայացուցիչներն անազնիվ են: Այն ծավալվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շուրջ, հետևաբար դրան անհրաժեշտ է համապատասխանաբար վերաբերվել: Ավաղ, առաջին անգամ չէ, որ արձանագրում ենք ԵՄ և ամբողջ Արևմուտքի՝ մեր դաշնակից Հայաստանում ցանկացած կերպ ամրանալու ցանկությունը:

Այդ փորձերում մենք տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ, որը հեռու է Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը թուլացնելու համար։ Այս նախաձեռնության վերաբերյալ Բաքվի՝ հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականներն անտեսվում են»,-պատասխանել է Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ տարածաշրջանային տարբեր հակամարտությունների կարգավորման գործում Եվրամիության մասնակցության փորձը միանշանակ չէ։ «Դժվար թե Բրյուսելը կարողանա պարծենալ հաջողությամբ այս ոլորտում։ Օրինակ՝ միջնորդական ջանքերը և ԵՄ առաքելությունը սերբական Կոսովոյի նահանգում: Սա պետք է հաշվի առնել Հայաստանում նոր առաքելության վերաբերյալ ԵՄ որոշումը գնահատելիս»,- նշել է նա։

Մարիա Զախարովան վստահեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների փաթեթը մնում է տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության հիմնական գործոնը: «Տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենակարճ ճանապարհն անցնում է դրանց համապարփակ իրականացման միջոցով՝ ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, հասարակության, փորձագետների, կրոնական շրջանակների, երկու երկրների խորհրդարանականների միջև կապերի հաստատումը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ուղղությամբ տարվող բանակցությունները։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ հետագայում էլ նպաստել դրան»,-շեշտել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Հայերեն العربية English Français Русский

Ազգային ժողովի նիստ

Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» գիրքը լույս է տեսել անգլերեն լեզվով

ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ

ՎԶՄԲ-ն 40 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման համար

Գազայի հատված է ժամանել մարդասիրական օգնությամբ լի գրեթե 900 բեռնատար

Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը

Թրամփը չի բացառել Ուկրաինային ամերիկյան զենքերի մատակարարումների դադարեցումը

Սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող ավտոմեքենայի գույքահարկը կհատուցի հանցագործը

ՀՀ ՆԳ նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել

Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով․ ԵԽ պատգամավոր