Քաղաքականություն

ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում ներգրավված կլինի Գերմանիայից 15 ոստիկան

2 րոպեի ընթերցում

ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում ներգրավված կլինի Գերմանիայից 15 ոստիկան

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության կազմում ներգրավված կլինեն նաև գերմանացի ոստիկաններ. առաքելությունն իր գործունեությունը կսկսի երկուշաբթի` փետրվարի 20-ին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերմանական NTV պարբերականին:

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթի խոսքով՝ Գերմանիայի նախարարների դաշնային կաբինետը որոշում է ընդունել այն մասին, որ Գերմանիան հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայվող առաքելության կազմում ներկայացված կլինի առավելագույնը 15 ոստիկանով: Դաշնային կառավարությունն առաջարկում է նաև քաղաքացիական փորձագետների ուղարկել:

Ընդհանուր առմամբ, ըստ լրատվամիջոցի, ԵՄ առաքելության կազմում ընդգրկված կլինի մոտ 100 կին և տղամարդ: Առաքելությունը կգլխավորի Գերմանիայի դաշնային ոստիկանության սպա:

Եվրամիությունը նոր քաղաքացիական անզեն առաքելություն ուղարկելու մասին որոշում է կայացրել հունվարի 23-ին՝ Հայաստանի կառավարության հրավերի հիման վրա։ 2 տարի ժամկետով նախատեսված առաքելության նպատակը հրադադարի ռեժիմի մոնիթորինգն է և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն աջակցելը:

Ըստ ԵՄ մանդատի՝ առաքելության նպատակն է նաև նվազեցնել ռիսկերը այնտեղ ապրող բնակչության համար, ինչպես նաև նպաստել երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում