Տնտեսություն

Տեղական և միջազգային շուկայում Made in Armenia-ն՝ որակի նշան. պետությունը խթանում է տեքստիլ արդյունաբերության զարգացումը

9 րոպեի ընթերցում

Տեղական և միջազգային շուկայում Made in Armenia-ն՝ որակի նշան. պետությունը խթանում է տեքստիլ արդյունաբերության զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը նախատեսում է 3 տարում տեքստիլ արդյունաբերության ոլորտի արտադրողականությունը բարձրացնել, մեծացնել արտահանման ծավալները, միջազգային շուկայում հայկական արտադրանքը դարձնել առավել մրցունակ: Կառավարության հավանությունը ստացած «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026թթ գործողությունների ծրագրի մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանի հետ:

8D1A3161.JPG (395 KB)

Պետությունը ոլորտում աճի զգալի պոտենցիալ է տեսել, Հայաստանում նախորդ տասնամյակում տեքստիլն աճել է տարեկան մոտ 40 տոկոսով: Հենց այդ պատճառով էլ թեթև արդյունաբերության մեջ թիրախավորվել է տեքստիլ արտադրանքի ոլորտը: Քանի որ ծրագիրը միտված է ոլորտի արտադրողականության բարձրացմանը, դրանում տեղ են գտել հենց աշխատանքի արտադրողականության խթանման ծրագրերը:

«Ակնկալում ենք, որ ծրագրի իրականացման արդյունքում արտադրողականությունը կբարձրանա 1.8 անգամ: Կարծում ենք, որ արտադրողականության աճի շնորհիվ մեր արտադրանքն ավելի մրցունակ կլինի միջազգային շուկայում, և կմեծանան արտահանման ծավալները: Եթե հիմա ունենք մոտ 200 մլն-ից մի փոքր ավել արտահանում, ապա կարծում ենք, որ 2027-ին՝ ծրագրի ավարտից հետո, կունենանք մոտ 500 մլն եվրոյից մի փոքր ավել արտահանում»,-ասաց Գևորգյանը:

Կառավարության հավանությունը ստացած ծրագրով նախատեսվում են 10 խոշորացված միջոցառումների բլոկեր: Առավել խոշորներն են 3-ը: Մեկը միտված է հատկապես միջին մասնագիտական կրթության ոլորտում կարողությունների զարգացմանը և ձեռնարկատերերին այդ ուղղությամբ աջակցությանը: Երկրորդը ընկերությունների բիզնես գործընթացների արդիականացման, արդյունավետության բարձրացման, տեխնոլոգիական վերազինման միջոցառումներն են: Երրորդն արտահանմանը միտված միջոցառումներն են, նախատեսվում է տարբեր ցուցահանդեսներին մասնակցության խրախուսում, վաճառքի խրախուսում թիրախային շուկաներում:

Ծրագրում ներգրավված միջոցառումներով նախատեսվում են պետության կողմից վարկի, լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորումներ: Պետությունը ֆինանսավորում է, օրինակ, դրամով տրված լիզինգի 10 տոկոսային կետը: Հաջորդը մասնագետների ներգրավման միջոցառումն է: Կառավարությունը դեռ անցյալ տարի օգոստոսին է հաստատել միջոցառում, որի շրջանակում պետությունը աշխատավարձի 20-70 տոկոս սուբսիդիա կտրամադրի այն աշխատակիցների համար, որոնք կունենան համապատասխան որակավորում: Համապատասխան որակավորում է դիտարկվում 400 լավագույն համալսարաններից որևէ մեկն ավարտած լինելու հանգամանքը: Եթե այդ լավագույն համալսարաններից որևէ մեկն ավարտած անձը գա Հայաստան ու մասնավոր հատվածում աշխատանքի անցնի, ապա Էկոնոմիկայի նախարարությունից կստանա 20 տոկոս աշխատավարձի սուբսիդիա՝ 3 տարի շարունակ: Ըստ փոխնախարարի՝ այս գործիքը կխթանի, որ գործատուները ներգրավեն լավ, որակյալ կադրերի:

8D1A3114.JPG (401 KB)

Փոխնախարարը վստահեցրեց, որ այդ ծրագիրը չի գրվել աշխատասենյակում նստած, այն մշակվել է արտադրողների անմիջական մասնակցությամբ՝ նրանց հետ քննարկումներով, նրանց կարիքները հասցեագրելով: Շուկան փոխվում է, և այդ փոփոխություններին համընթաց վերանայվելու են այն միջոցառումները, որոնք ներառվել են ծրագրում: Հայաստանում տեքստիլ արդյունաբերության ոլորտում ներկայում գործում են 30-ից ավելի միջին ու խոշոր չափի ընկերություններ, փոքրերի քանակը 200-ից ավելին է: Կառավարությունը ցանկանում է, որ փոքր ընկերությունները ծրագրում ընդգրկված միջոցառումներից օգտվելով, հետզհետե մեծանան:

«Ծրագիրը միտված է նրան, որ հայկական արտադրանքը լինի բարձր ավելացված արժեք ենթադրող ու միջազգային շուկաներում էլ ավելի մրցունակ, քան այսօր է: Այսինքն՝ թե որակապես, թե արժեքի առումով մենք ցանկանում ենք, որ արտադրանքը դառնա շատ ավելի մրցունակ»,-ասաց փոխնախարարը:

Եվրոպական շուկաներից օրինակ՝ իտալական, հոլանդական, գերմանական շուկաներում արդեն ձևավորված որոշակի կարողություններ ու կապեր կան: Գևորգյանը հիշեցրեց՝ այսօր եվրոպական բավականին հայտնի ապրանքանիշների հագուստներ կարվում են Հայաստանում: Դրանց թվին են պատկանում Moncler-ը, MaxMara-ը և մի շարք այլ բրենդներ: «Եվրոպական խանութներում մի շարք բաճկոնների վրա գրված է՝ «Արտադրված է Հայաստանում»: Այդ միտումը կա ու շարունակվում է: Մեր արտադրողները ներկայումս բանակցություններ են վարում տարբեր երկրների հետ, այդ թվում՝ օրինակ կանադական ընկերությունների հետ, որ ավելի մեծ ծավալի ծառայություններ մատուցեն: Այսինքն՝ պատվիրատու կողմն ընտրի միայն այն մոդելը, որը նպատակահարմար կգտնի, և ամբողջական ծառայությունն արդեն մատուցվի Հայաստանի կողմից: Սա էականորեն կբարձրացնի ավելացված արժեքը»,-ասաց փոխնախարարը:

8D1A3137.JPG (397 KB)

Հայաստանի տեքստիլ արդյունաբերական արտադրանքի համար ներկայում բավականին գրավիչ է նաև ռուսական շուկան, բավականին հնարավորություններ կան հենց ռուսական շուկայում:

Փոխնախարարը կարևորեց նաև, որ հենց տեղական շուկայում հայ սպառողը որոշակի վերաբերմունք ունենա Հայաստանում արտադրված ապրանքների նկատմամբ: «Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք տալիս են շատ որակով արտադրանք, որին մեր սպառողը, դեռ թերևս տարակուսանքով է վերաբերվում: Կարծում ենք՝ այդտեղ նույնպես անելիք ունենք: Նախաձեռնել էինք Made in Armenia արշավը, որը տվեց իր արդյունքները, սակայն պետք է շարունակական ջանք գործադրի, որ հայկական արտադրանքը հայ սպառողի համար դառնա որակի չափանիշ, նաև հպարտության»,-ասաց Գևորգյանը:

Խոսելով միջազգային շուկաներում հայկական արտադրանքի վարկանիշից՝ փոխնախարարը նշեց՝ որոշ ավանդական շուկաներում, օրինակ հետխորհրդային երկրներում հայկական արտադրանքը որոշակի «ժառանգություն» ունի: «Հետխորհրդային երկրներում սպառողների մոտ հայկական կոշիկն ասոցացվում է բարձր որակի հետ: Այդ «ժառանգությունը» դեռ աշխատում է: Տեսնում ենք բազմաթիվ ռուս սպառողների, որոնք Հայաստան են գալիս, կոշիկ գնում»,-նշեց Գևորգյանը:

Հայկական արտադրանքը հանրայնացնելու նպատակով եվրոպական շուկաներում որոշակի միջոցառումներ են իրականացվում: Օրինակ՝ անցյալ տարի հայկական 8 դիզայների հագուստներ ներկայացվեցին «Միլանի նորաձևության շաբաթ»-ում:

«Դրա հիմնական նպատակն այն էր, որ իտալական շուկայում հայկականն ասոցացվի որակյալ, նորաձև, նորարար արտադրանքի հետ: Այդ նպատակին մենք որոշակի առումով հասանք: Բավականին միջազգային լրատվամիջոցներ գրեցին հայկական արտադրանքի մասին: Կարծում ենք, որ նման միջոցառումների շարունակականությունը կապահովի հայկական արտադրանքի իմիջի ձևավորմանը թիրախային շուկաներում: Բնականաբար, չենք կարող թիրախավորել բոլոր շուկաները, կկենտրոնանանք իտալական, գերմանական, միգուցե ֆրանսիական շուկաների վրա: Ռուսաստանը ևս թիրախային շուկա է: Որոշակի մտքեր կան նաև արաբական շուկայի հետ կապված: Էմիրությունները տարբեր առևտրային միջոցառումների համար կենտրոն է հանդիսանում»,-ասաց փոխնախարարը:

Նախատեսվում է ստեղծել ծրագիրն իրականացնող օպերատոր, այն գործելու է արտապատվիրակման տրամաբանությամբ: Այսինքն՝ այդ կարողությունները կձևավորի հենց մասնավոր հատվածը՝ պետության ուղղորդմամբ ու ֆինանսավորմամբ: Որպես նման օրինակ նա բերեց Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, որը բավականին զգալի ազդեցություն է ունեցել գինեգործության զարգացման վրա:

Նյութը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում