Քաղաքականություն

Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմին կարող է անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում. ԱԽ քարտուղար

3 րոպեի ընթերցում

Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմին կարող է անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում. ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև, և այդ մեխանիզմին կարող է անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում, որի շուրջ ներկայում աշխատում են հայկական և ադրբեջանական կողմերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նախ, անդրադառնալով հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրի քննարկվող տեքստում մտցվե՞լ է «կառուցողական անորոշություն» եզրույթ, որը թույլ կտա երկու կողմերին ԼՂ խնդրի շուրջ յուրովի մեկնաբանություն ունենալ՝ Գրիգորյանն ասաց, որ այդ մասին առաջին անգամ է լսում: Նա շեշտեց, որ խաղաղության պայմանագիրը նրա մասին է, որ ամեն ինչ հնարավորինս հստակ լինի: Հայկական կողմն աշխատում է այդ հստակության վրա: Հայաստանը կողմ է, որ ստեղծվի երաշխավորի ինստիտուտ՝ հաշվի առնելով գոնե 3 տարվա փորձը:

«Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև: Եվ Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ, որ այս մեխանիզմը կայանա: Այս մեխանիզմին կարող է անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում: Այն կարող է լինել միջազգային այլ կառույցների, կամ այլ ֆորմատով: Դա հստակ չէ, քննարկման առարկա է, պետք է շարունակենք քննարկել՝ հստակեցնելու համար»,-ասաց Գրիգորյանը:

Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որպեսզի Ստեփանակերտի և Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության շուրջ:

Հայկական կողմը խաղաղության պայմանագրի՝ իր առաջարկած տեքստին ստացել է պատասխան: Հիմա հայկական կողմն է աշխատում դրա ուղղությամբ: ԱԽ քարտուղարը կարծում է ՝ հնարավորինս շուտ այդ տեքստը պատրաստ կլինի և հայկական կողմը կփոխանցի Ադրբեջանին: Գրիգորյանը, սակայն, չկարողացավ ասել, թե այդ փոխանցումն ինչպես տեղի կունենա:

Հարցին, թե այդ քննարկվող և իրար փոխանցվող տեքստում Ղարաբաղի մասին հիշատակում կա արդյոք, Գրիգորյանը դրական պատասխան տվեց: Սակայն ԱԽ քարտուղարը կարևորեց հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ, բանակցություններ են ընթանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում