Պաշտոնական

ՀՀ նախագահն ու Լատվիայի դեսպանն անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առկա հումանիտար ճգնաժամի վտանգներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ու Լատվիայի դեսպանն անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առկա հումանիտար ճգնաժամի վտանգներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեն (նստավայրը՝ Թբիլիսի):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, արգասաբեր աշխատանք է մաղթել և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր դիվանագիտական առաքելության ընթացքում իր նպաստը կբերի հայ-լատվիական համագործակցության զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լատվիայի փոխգործակցության բնագավառներն ու հեռանկարները, մասնավորապես զարգացման մեծ ներուժ ունեցող բարձր տեխնոլոգիական ոլորտը:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը հանգամանալից անդրադարձել է տարածաշրջանային հիմնախնդիրներին և ներկայացրել Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հասնելու Հայաստանի դիրքորոշումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով առկա հումանիտար ճգնաժամի վտանգներին և շեշտվել մարդասիրական միջանցքի անխափան գործունեության հրատապությունը:

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ջանքերը ներդնել ինչպես Եվրամիության շրջանակներում համագործակցության զարգացման ուղղությամբ, այնպես էլ երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կարևորությանն ու փոխայցելություններին: Այս նպատակների իրականացման համար շեշտվել է դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալու կարևորությունը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում