4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականի վերջում և 2023 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Թարգմանական գրականություն. Ագաթա Քրիստի, «Չարիքն արևի տակ»
«Չարիքն արևի տակ» վեպը համաշխարհային գրականության դասական դետեկտիվներից է: Այն առաջին անգամ տպագրվել է 1941թ. Մեծ Բրիտանիայում: Ագաթա Քրիստիի հանրահռչակ հերոսը՝ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոն, հերթական անգամ ի ցույց է դնում նուրբ դրվագները նկատելու և փաստերը ճիշտ համադրելու կարևորությունը խճճված ու խորամանկ հանելուկները բացահայտելու գործում:
Վեպի գործողությունները տեղի են ունենում մինչպատերազմյան ժամանակաշրջանում Անգլիայի հարավ-արևմտյան շրջանում գտնվող «Ուրախ Ռոջեր» հյուրանոցում: Պուարոն գալիս է կղզի հանգստանալու՝ որպես սովորական կենվոր, ինչի շնորհիվ էլ ոչ միայն ականատես է դառնում, այլև մասնակից է լինում շատ իրադարձությունների, որոնք նախորդում են հյուրերից մեկի՝ պաշտոնաթող կապիտանի սպանությանը: Թարգմանությունը`Նաիրա Քերոբյանի: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Մանկապատանեկան գրականություն. Անդրեա դը լա Բար դե Նանտոյ, «Գիրք Մադմուազել Ուազոյի մասին»
Դպրոցական աղջկա գորշ առօրյայում հայտնվում է բոլորովին անսովոր մի կերպար՝ հարևանուհի Մադմուազել Ուազոն։ Նրա բազմաթիվ թռչուններն ու կատուները և զարմանալի իրերով լի անհամար սենյակները գլխապտույտ են առաջացնում։ Փարիզը լցվում է արկածներով, երբ հերոսուհու ձեռքին հայտնվում է քաղաքի քարտեզը՝ հատուկ հրահանգներով։ Աղջիկը քայլ առ քայլ մոտենում է հանձնարարության ավարտին և բացահայտում շրջապատն ու ինքն իրեն։ Թարգմանությունն` Աշխեն Բախչինյանի։ Նկարազարդումները` Լովիսա Բուրֆիտայի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
Փաստավավերագրական գրականություն. Հովհաննես Թումանյան, «Անկեղծ չենք»
Լույս է տեսել Հովհաննես Թումանյանի հրապարակագրության և ինքնակենսագրական նոթերի «Անկեղծ չենք» ժողովածուն:
Ամենայն հայոց բանաստեղծն իր ժամանակի ակտիվ հասարակական գործիչներից էր, որն ամեն կերպ արձագանքում էր հայ ժողովրդի ազգային-քաղաքական-մշակութային կյանքին՝ հաճախ դառնալով դրա ուղղորդողն ու միտքը սնուցողը։
Մտավորականի նկատող աչքի առջև մեր երկրի իղձերն ու երազանքներն են, քննադատական գրչի տակ՝ հասարակության արատներն ու ցավոտ հարցեր, որոնք հարյուրամյակ անց նույնքան մտահոգող են։
Գրողն իր կենսափորձով ընթերցողին է ներկայանում որպես «դառնացած ժողովրդի» զավակ, որը ելք է փնտրում այս իրավիճակից։ Կազմող՝ Արմեն Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը