Արցախ

Արցախի կառավարությունը դրամահավաք է կազմակերպում՝ ի աջակցություն Սիրիայում երկրաշարժից տուժած հայ համայնքի

2 րոպեի ընթերցում

Արցախի կառավարությունը դրամահավաք է կազմակերպում՝ ի աջակցություն Սիրիայում երկրաշարժից տուժած հայ համայնքի

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի կառավարությունն, ի աջակցություն Սիրիայում երկրաշարժից տուժած հայ համայնքի, դրամահավաք է կազմակերպում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարությունից:

«Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը պատճառ դարձավ մարդկային կորուստների ու ավերածությունների, որոնցից զգալիորեն տուժեց նաև տեղի հայ համայնքը: Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների հայացքն այժմ ուղղված է երկրաշարժի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված Սիրիայի հայկական համայնքին:

Չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի կառավարությունը, համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ, որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակության աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահավաք: Զորակցություն հայտնելով Սիրիայում ապրող մեր քույրերին ու եղբայրներին՝ կոչ ենք անում Արցախում ապրող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել դրամահավաքին և օգնության ձեռք մեկնել բնական աղետից տուժած մեր հայրենակիցներին:

Միայն մեր համազգային ամուր միասնականությամբ ու միմյանց սատար կանգնելու անկեղծ ջանքերով է հնարավոր հաղթահարել ինչպես բնության արհավիրքները, այնպես էլ՝ արհեստածին մարտահրավերները»,- նշված է հայտարարության մեջ:

Ցանկացողները նվիրատվությունները ՀՀ դրամով կարող են կատարել «Արցախբանկ»-ում բացված հաշվեհամարին՝ 22300100156701։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում