Աջակցող միջոցների ոլորտում կա կարգավորման անհրաժեշտություն. Մրցակցության հանձնաժողովը ներկայացեց ուսումնասիրության արդյունքները
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին ուսումնասիրել է հինգ կարևոր նշանակություն ունեցող շուկաներ՝ բեռնափոխադրումների, մանկական կերերի, բուսական յուղերի (արևածաղկի կամ եգիպտացորենի ձեթ), էլեկտրոնային առևտրի և աջակցող միջոցների:
«Արմենպրես»-ի «Փոդքաստ»-ի տաղավարում այս անգամ անդրադառնալու ենք աջակցող միջոցների՝ հատկապես պրոթեզների և օրթեզների տրամադրման ոլորտում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրություններին:
Մեթոդաբանության և շուկաների վերլուծության վարչության պետ՝ Աննա Պետրոսյանն ընդգծեց, որ տարեկան ընտրվում է հինգ շուկա, կախված երկրի ռազմավարական նշանակության ոլորտներից, որոնք ունեն սոցիալական նշանակություն, շատ սպառում, ինչպես նաև հաշվի են առնվում սպառողների կողմից բարձրաձայնած և մամուլում տեղ գտած բողոքները:
Աննա Պետրոսյանը նշեց, որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հիմնական գործառույթը շուկայում հավասար, արդար մրցակցություն ապահովելն է. այսինքն՝ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ տնտեսվարողները կարող են միմյանց հետ արդար մրցակցել:
«Այս գործառույթը իրականացնելու համար հանձնաժողովը հիմնականում երկու ուղղությամբ է ծավալում իր գործունեությունը, այսինքն՝ հարուցում է վարույթներ կոնկրետ ոչ օրինապահ տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու և նրանց գործունեությունը օրինական դաշտ բերելու համար, երբեմն նաև պատժամիջոցներ կիրառելու տեսքով»,- ասաց նա:
Մասնագետն ասաց, որ աջակցող միջոցների ոլորտի ընտրությանը այս տարի կատարվել է առաջին անգամ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով, քանի որ անհրաժեշտություն կար հետագա գործունեության համար ոլորտը կարգավորելու և համապարփակ առաջարկ ներկայացնելու:
Մեթոդաբանության և շուկաների վերլուծության վարչության ավագ մասնագետ Հակոբ Մանուկյանը նշեց, որ ուսումնասիրության հիմնական ուղղությունները եղել են պրոթեզների և օրթեզների տրամադրման ոլորտի համաշխարհային տենդենցների ուսումնասիրությունը, ոլորտի պետական կարգավորման միջազգային փորձի դիտարկումն ու Հայաստանում լավագույն փորձի տեղայնացման առաջարկների մշակումը, ոլորտի պետական կարգավորման և մրցակցային միջավայրի վրա վերջինիս ազդեցության հնարավոր ռիսկերի վերլուծությունը, ոլորտում առկա խնդիրների և հնարավոր ռիսկերի բացահայտումը և դրանց լուծմանն ուղղված առաջարկների մշակումը:
«Ուսումնասիրության արդյունքով բացահայտվել է, որ ոլորտի հեռանկարներն աշխարհում և Հայաստանում մեծապես համընկնում են. բնակչության ծերացումը բերելու է աջակցող միջոցների սպառողների շրջանակի լայնացման և պետական արդյունավետ կարգավորման անհրաժեշտության աճի։ Հանձնաժողովը ուսումնասիրության շրջանակներում մշակել է առաջարկների փաթեթ՝ ուղղված պետության կողմից աջակցող միջոցների տրամադրման գնային արժեքների որոշման և շահառուների կողմից աջակցող միջոցների ձեռքբերման նոր համակարգերի ներդրմանը և ոլորտի իրավական կարգավորումների բարելավմանը՝ հատկապես աջակցող միջոցների մատակարարներին վերաբերող տեխնիկական պահանջների և չափորոշիչների մասով»,- ասաց Մանուկյանը։
Մասնագետն ընդգծեց, որ առաջարկներ են ներկայացվել նաև ոլորտում ինովացիաների և մասնագետների ավելացմանն ուղղված քայլերի մասին։
Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրություններին և առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:
Հանձնաժողովի կողմից ուսումնասիրած մյուս չորս ոլորտներին կարող եք ծանոթանալ մեր հաջորդ թողարկումներում:
Գայանե Գաբոյան