Հատուկ նախագծեր

Կենդանիներին ավելի մոտ լինելու մանկական երազանքի հետևից. անասնաբույժի մասնագիտությունը Մանեի համար ապրելակերպ է

4 րոպեի ընթերցում

Կենդանիներին ավելի մոտ լինելու մանկական երազանքի հետևից. անասնաբույժի մասնագիտությունը Մանեի համար ապրելակերպ է

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեփական կենդանիներ ունենալու, նրանց բուժելու և նորից կյանք վերադարձնելու մանկական երազանքը Մանեին ստիպեց ընտրել անասնաբույժի մասնագիտությունը: Այդ ընտրության հարցում առաջնային նախապայմանը Մանեի համար եղել է այն, որ կունենա հնարավորություն մշտապես շփվելու կենդանիների հետ: Մանեի համար իր ընտրած մասնագիտությունն ապրելակերպ է և կոչում:

«Արմենպրես»-իհետ զրույցում անասնաբույժ Մանե Զաքարյանն ասաց, որ իրենց կլինիկայում մասնագետներն առանց դժգոհելու իրականացնում են շուրջօրյա տարբեր ծառայություններ՝ իրենց «չարաճճի պացիենտներին» վերաբերվելով առանձին սիրով ու ջերմությամբ:

«Մասնագիտությունն ընտրելու առաջին նախապայմանը եղել է, իհարկե, կենդանիների հետ ամենօրյա շփումը: Անասնաբույժ մասնագետներ Հայաստանում այսօր շատ քիչ ունենք, ու, երբ ես էլ էի փոքր, կենդանիներ ունեի տանը, և տարածքում բժիշկներ չունեինք, ում կարող էինք դիմել այն հարցով, որ կենդանին վատառողջ է, նրան բուժօգնություն է պետք: Բայց ինչ-որ մի պահի մեզ արգելեցին տանը կենդանիներ պահել պարզ պատճառով, որ երեխա ենք, պատասխանատվությունը շատ է և այլն: Այդպես որոշեցի, որ ես կլինեմ անասնաբույժ, հանգիստ կպահեմ ու իմ կենդանիների տերը ես կլինեմ»,- ասաց Մանեն:

Մարդկանց պարագայում բժշկական օգնություն տրամադրելը հեշտ է, ինչը չենք կարող ասել կենդանիների դեպքում, կենդանաբույժների աշխատանքն ավելի բարդ է:

«Կենդանիների պարագայում բժշկական օգնություն տրամադրելը ավելի բարդ է, քանի որ կենդանիները չեն խոսում և չեն բարձրաձայնում իրենց ցավերի մասին, և նույնիսկ նրանց տերերն էլ շատ ժամանակ չգիտեն, թե ինչո՞ւմ է խնդիրը: Բավականաչափ բարդ, բայց վերջում շատ շնորհակալ աշխատանք է, քանի որ նրանք քեզ հետո հիշում են, գալիս են ձեռքերդ են լպստում կամ մեկ-մեկ էլ փախչում են, քանի որ դու իրեն արդեն սրսկել ես,- ասաց նա:

Մանեն առանձնահատուկ ուշադրությամբ է մոտենում բոլոր կենդանիներին, սիրում է բոլորին ու հատ-հատ գիտի բոլորի բնավորության առանձնահատկությունները և այսպես ասած ոչ ցանկալի կողմերը: Նա նշեց՝ կենդանիների հետ աշխատելը ոչ միայն հաճելի է, այլ նաև զավեշտալի դեպքեր են շատ լինում:

«Հետաքրքիր դեպքերը հիմնականում Նոր տարվա օրերին են լինում: Ունեցել ենք մի կենդանի, որ հունվարի 2-ին կերել էր տերերի գումարը՝ մոտ 40 հազար դրամ: Լինում են նաև շատ տարօրինակ դեպքեր, օրինակ՝ ուտում են երեխաների խաղալիքները, ծծակները, մագնիսներ: Ըմբոստ «պացիենտների» պակաս ևս չենք ունենում: Բայց ամեն ինչ անում ենք, որ կենդանիները իրենց անհրաժեշտ բուժօգնությունը ստանան, անգամ եթե մեզ կծում են, հրում են, փախչում և դեմ են գնում այդ ամենին»,-ասաց մասնագետը:

Մանեն ցավով նշեց, որ այսօր մասնագետներ և ուսանողներ քիչ ունեն, ինչը մեծ խնդիր է: Նա ընդգծեց, որ խնդիրը միայն Երևանում չէ, մարզերում ևս մեկ բժիշկ ստիպված է լինում սպասարկել միանգամից մի քանի համայնքների, որը և՛ ֆիզիկապես, և դեղորայքային առումներով շատ դժվար է:

Աշխատանքի հանդեպ սերը շատ ժամանակ Մանեին ստիպում է նույնիսկ մոռանալ ժամանակի մասին:

Հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարիչ՝ Հայկ Մանուկյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում