Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու Խորվաթիայի ԱԳ նախարարը հանդիպման ընթացքում կարևորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ու Խորվաթիայի ԱԳ նախարարը հանդիպման ընթացքում կարևորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետը ողջունել է պարոն Ռադմանի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայ-խորվաթական կապերն ունեն առաջընթացի մեծ ներուժ: Նա ընդգծել է երկու կառավարությունների ակտիվ փոխգործակցության անհրաժեշտությունը:

Վարչապետը կարևորել է Խորվաթիայի հետ համագործակցության խորացումը նաև որպես ԵՄ անդամ պետություն և նշել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցության փաստը:

Խորվաթիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ ունեցել են արդյունավետ բանակցություններ և քննարկել երկկողմ քաղաքական ու տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները:

Գորդան Գրլիչ Ռադմանը հավելել է, որ իրենք շահագրգիռ են տնտեսության տարբեր ճյուղերում կապերի զարգացմամբ, այդ թվում՝ զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Պարոն Ռադմանի խոսքով՝ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման գործում և բարեփոխումների առաջմղման ուղղությամբ ևս պատրաստ են սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներիմ շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին: Վարչապետը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտման փաստը և շեշտել դրան միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարևորությունը: Այս առումով, կարևորվել են Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներն ու Լաչինի միջանցքը ապաշրջափակելու վերաբերյալ ներկայացված հստակ պահանջները:

Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում