Կրթության և գիտության ոլորտում Եգիպտոսի հետ կնքած հուշագրերն ավելի կխորացնեն համագործակցությունը, որը կար 1997 թվականից. ԿԳՄՍ փոխնախարար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի՝ Հայաստան այցի շրջանակներում հունվարի 29-ին Հայաստանի և Եգիպտոսի միջև ստորագրվել են սպորտի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին հուշագրեր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ այս հուշագրերի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը և այս կարևոր ոլորտներում նոր ծրագրերի իրականացմանը:

Փոխնախարարը նշեց, որ իրականում Եգիպտոսի Արաբական Հանրապետության հետ իրավապայմանագրային բազան ձևավորվել է դեռևս 1997 թվականից: Դեռևս այն ժամանակվանից գործել է մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում համագործակցության համաձայնագիր, և այս հուշագրերը եկել են ավելի զարգացնելու այն համագործակցությունը, որն արդեն իսկ կար:

«Նոր հուշագրերի շրջանակներում՝ սպորտի բնագավառում նախատեսվում է անցկացնել տարբեր ուսումնամարզական ճամբարներ, մարզիչների վերապատրաստում, որով նաև զարկ կտրվի ֆեդերացիաների մակարդակով հայ-եգիպտական շփումներին: Ի դեպ, նշեմ, որ այդ առումով արդեն իսկ կա նախապատմություն. շատ հայ մարզիչներ ժամանակին այնտեղ աշխատել են:

Իսկ գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությունը հնարավորություն կտա իրականացնել համատեղ գիտատեխնիկական ծրագրեր, հետազոտություններ, ինչպես նաև գիտնականների փոխանակում՝ մեզ համար առաջնահերթ տարբեր ուղղություններով»,- ասաց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը նշեց, որ Եգիպտոսի հետ համագործակցությունը բազմաբովանդակ է և ընդգրկում է ԿԳՄՍ նախարարության համակարգման բոլոր ոլորտները: Նա նշեց, որ ներկայում ունեն մշակույթի ոլորտում համագործակցության գործնական ծրագիր, որի շրջանակներում վերջին միջոցառումը 2009 թվականին Եգիպտոսի մշակութային օրերի անցկացումն էր Հայաստանում:

«Մենք նաև Եգիպտոսի հետ համագործակցում ենք հայագիտության զարգացման ոլորտում, և ներկայում գործող հայագիտություն դասավանդող 13 կառույցների շարքում է Կահիրեի համալսարանը, որտեղ գործուղվում են մասնագետներ: Այս համագործակցության ընդհանուր բնույթը ներկայացնելիս՝ կուզեի նաև առանձնացնել, որ Հայաստանի բուհերում սովորում են Եգիպտոսի 51 քաղաքացիներ, ինչը փաստում է, որ եգիպտական հանրության մեջ իսկապես կա հետաքրքրություն, և մենք, իհարկե, ցանկանում ենք այդ թվերը մեծացնել: Նաև տարեկան 3-4 հայ երիտասարդ մեկամյա ծրագրով գործուղվում է Եգիպտոս սովորելու արաբերեն »,- ասաց Մարտիրոսյանը:

Փոխնախարարն ասաց, որ ներկայում բանակցության փուլում է գտնվում կրթության և գիտության ոլորտում համագործակցության և որակավորումների փոխճանաչման համաձայնագիրը. առաջինի դեպքում հնարավորություն կտրվի մի քանի պետական ֆինանսավորմամբ կրթաթոշակային տեղեր ունենալ փոխադարձ հիմունքներով, իսկ երկրորդի դեպքում՝ դիպլոմների և ավարտական փաստաթղթերի ճանաչման հարցերը լուծել:

«Վերջին կետը երիտասարդության ոլորտն է: Ի դեպ, եգիպտական կողմի նախաձեռնությամբ առաջարկվել է, որ փոխադարձության հիմունքներով ունենանք երիտասարդական հավաքներ և ներկա պահին բանակցում ենք, որ 2024 թվականին կազմակերպվի եգիպտական երիտասարդական պատվիրակության այցը Հայաստան և հակառակը»,- ասաց Մարտիրոսյանը:

Ըստ փոխնախարարի՝ երկու երկրների նախագահների հանդիպումը շատ կարևոր ազդակ էր, որի շրջանակում երկու հուշագրեր ստորագրվեցին, ինչին կհաջորդեն գործնական հանդիպումները:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին Երևան էր ժամանել հունվարի 28-ին: Հունվարի 29-ին Եգիպտոսի նախագահին ընդունել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Երկու երկրների նախագահների հանդիպմաան արդյունքներով ստորագրվել էին մի շարք ոլորտներում համագործակցության հուշագրեր:

Նյութը՝ Գայանե Գաբոյանի

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

Հայերեն English Русский

Գավառ համայնքում անցկացվեց գաստրոփառատոն

«Արմենպրես»-ի տնօրենը Պրահայում հյուրընկալվել է Չեխիայի լրատվական գործակալությունում, հանդիպել գլխավոր տնօրենին

Որոշ շրջանակների կողմից տարածված տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը․ Արդարադատության նախարարություն

Մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացումը մեր ծրագրերի կարևոր մասն է. Երևանի փոխքաղաքապետ

Աստանայում նույնպես հերքել են Հայաստանի վարչապետին վերագրվող հայտարարությունը Ղազախստանի վերաբերյալ

5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձ կալանավորվել է

Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք

Երևանի ավագանին 4 նոր անդամ ունի

Գեղարքունիքի մարզի մասնակիցները «Արվեստների և արհեստների» hամահայկական փառատոնին խրախուսվել են հավաստագրերով

Հարավային Կորեայի ՊՆ ղեկավարը ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև երկխոսության վերսկսման հույս է հայտնել