Հասարակական

Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանի և Ադրբեջանի գործերով որոշում կայացնելու

2 րոպեի ընթերցում

Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանի և Ադրբեջանի գործերով որոշում կայացնելու

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով որոշում կայացնելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և հավելել, որ որոշումը կայացնելուց հետո Դատարանն այն ընթերցելու է բաց և առցանց հեռարձակվող նիստի ընթացքում։ Որոշումն ընթերցելու օրվա մասին Դատարանը կծանուցի կողմերին։ Համաձայն Դատարանի, որոշումը պետք է ընդունվի հնարավորինս արագ։

«Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջների վերաբերյալ լսումները: Երկու կողմերը հիմնավորեցին իրենց՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջները, դրանք հիմնավորող ապացույցները, այնուհետև առարկություններ ներկայացրեցին միմյանց պահանջների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝

  • Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:
  • Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:
  • Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց»,- նշել է Եղիշե Կիրակոսյանը։
Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում