Արաբագետից` բորտուղեկցորդուհի. համազգեստով աշխատանք ունենալու երազանքը Անուշին բերեց ավիացիայի ոլորտ
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համազգեստով աշխատանք ունենալու երազանքը Անուշին արաբագետի մասնագիտությունից բերեց բոլորովի այլ աշխարհ, որը իր բոլոր նորություններով և դժվարություններով նոր դռներ բացեց նրա առաջ:
«Արմենպրես»-իհետ զրույցում Fly Arna ավիաընկերության բորտուղեկցորդուհի Անուշ Քեյանը նշեց, որ շատ պատահական է ստացվել մասնագիտությունը փոխելու որոշումը:
«Երբեք չէի մտածի, որ, լինելով արաբագետ, մի օր կդառնամ բորտուղեկցորդուհի: Երբևիցե ինձ չեմ պատկերացրել ավիացիայի ոլորտում, քանի որ մինչև Fly Arna-ի թիմին միանալը փորձ չունեի: Ինձ ընկերներիցս մեկը ասաց, որ նոր ազգային ավիաընկերություն է բացվում Հայաստանում, գիտես մի քանի լեզու, ինչո՞ւ չես դիմում: Չնայած նրան, որ թերահավատորեն էի մոտենում, բայց փորձեցի ու հաջողեցի: Միշտ երազել եմ ունենալ համազգեստով աշխատանք, որովհետև կարծում եմ՝ այն կրելը միշտ պարտավորեցնում է լինել գեղեցիկ, խնամված, կոկիկ, քայլել ուղիղ և հետևել պահվածքիդ: Որովհետև բոլորը նայում են, երբ անցնում ես օդանավակայանով բոլորի հայացքները քեզ վրա են, ու դու պետք է վստահություն ներշնչես մարդկանց»,- պատմեց Անուշը:
Չնայած դաշտում նոր լինելով և որևէ փորձ չունենալով՝ Անուշը բոլոր դժվարություններին նայում է միայն դրական կողմով՝ դրանք ընդունելով որպես նորը սովորելու և կատարելագործվելու հնարավորություն:
Նոր մասնագիտության ընտրությունը Անուշի ընտանիքում միանգամից հեշտ չընդունվեց, բայց ժամանակի ընթացքում դա ևս փոխվեց:
«Իմ ընտանիքում որոշումս սկզբում բացասական ընդունեցին, բայց, երբ անցա դասընթացներին, շատ ոգևորված կիսվում էի ընտանիքիս անդամների հետ, թե ինչ կարևոր բաներ ենք սովորում և ինչ է իրենից ենթադրում բորտուղեկցորդի աշխատանքը, նրանք իրենց մոտեցումը փոխեցին»,- ասաց Անուշը:
Նա ընդգծեց, որ հնարավորությունները, որոնք տալիս է այս մասնագիտությունը բազմազան են, և դրանցից մեկն այն է, որ ձեռք ես բերում միջազգային փորձ, կապեր ինչու չէ՝ նաև հետագայում միջազգային կազմակերպություններում աշխատելու հնարավորություն:
«Եվ որ ամենակարևորն է, այս աշխատանքը տալիս է մեզ ճամփորդելու, նոր երկրներ տեսնելու հնարավորություն: Այս մասնագիտության շնորհիվ մենք և մեր ընտանիքի անդամները հնարավորություն ենք ունենում ավելի հաճախ և հատուկ պայմաններով ճամփորդել»,- ասաց նա:
Անուշը ժպիտով նկատեց, որ ինքնաթիռում զավեշտալի դեպքերի պակաս ևս չի լինում՝ ընդգծելով, որ այս ընթացքում հասցրել է նկատել, որ տղամարդիկ ավելի շատ են վախենում ինքնաթիռով ճամփորդելուց:
Նա ընդգծեց, որ բորտուղեկցորդների համար կարևոր է յուրաքանչյուր ուղևորի ժպիտն ու դրական գնահատականը իրենց կատարած աշխատանքին:
«Մասնագիտության կարևոր կետերից մեկը այն է, որ պետք է փորձես ընդհանուր լեզու գտնել բոլորի հետ, նրանք տարբեր են՝ դու մենակ ես, բայց պետք է բոլորին գոհացնես, և բոլորը պետք է դուրս գան օդանավից ժպիտով ու գոհ»,- ասաց նա:
Բորտուղեկցորդները նաև յուրաքանչյուր թռիչքից առաջ ունեն հատուկ բարեմաղթանք՝ բարի թռիչք, անվտանգ գնանք և վերադառնանաք:
Գայանե Գաբոյան
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի
Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան