Պաշտոնատար անձը սոցիալական ցանցի կեղծ էջով տարածել է ապատեղեկատվություն. Արցախի ԱԱԾ

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ազգային անվտանգության ծառայությունը պարբերաբար հետևում է սոցիալական ցանցերի արցախյան տիրույթում շրջանառվող՝ կոնկրետ կամ վերացական հանցավոր դեպքերի վերաբերյալ հայտարարություններին՝ փորձելով պարզել դրանց՝ իրականության համապատասխանությունը, հեղինակներին, հետապնդվող նպատակները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի ԱԱԾ-ից։

«Հերթական ուսումնասիրության շրջանակում պարզվել է, որ ֆեյսբուքյան՝ «Artur Baghdasaryan» անվանումը կրող էջը, որը պարբերաբարհայտարարություններ է տարածում այս կամ այն պաշտոնատար անձանց կողմից կատարվող ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ, ներկայացված է կեղծանվամբ ու օգտագործվում է պաշտոնատար անձի կողմից:

Տվյալ պաշտոնատար անձը հրավիրվել է Արցախի ազգային անվտանգության ծառայություն, ով ընդունել է, որ հիշյալ ֆեյսբուքյան էջն օգտագործվում է իր կողմից, էջում տարբեր մարդկանց վերագրվող գործողությունների մասին հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, այդ գրառումները կատարվել են անձնական նպատակներով:

Սոցիալական ցանցերը այսօր լայն տարածում ունեն հանրության շրջանում և դրանցում արվող հայտարարությունները բավականին մեծ ազդեցություն ունեն հանրային կարծիքի ձևավորման վրա, ունակ են պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հանդեպ ձևավորելու արհեստական տրամադրություններ, վնաս հասցնելու Արցախի Հանրապետության շահերին: Հետևաբար, կոչ ենք անում զերծ մնալ հանրային տրամադրություններն ու կարծիքները խեղաթյուրելու, անձնական, խմբային կամ այլ շահերից ելնելով ցանկալի գնահատականներ հնչեցնելու կամ տրամադրություններ ձևավորելու, հանրության մեջ ներքին պառակտում մտցնելու համար ապատեղեկատվություն տարածելու փորձերից, մնալ բարոյականության դաշտում՝ այդպիսով Արցախի Հանրապետության ու արցախցիների շահերը պաշտպանելով արտաքին վտանգներից, հասարակությանը զերծ պահելով ներքին պառակտումից»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է նշված ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որոնք միտված են բացառապես Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությունն ապահովելուն:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ