Արցախ

Հադրութի շրջանում խաղողի այգի և գինու գործարան կորցնելուց հետո արցախցի գործարարն Արցախում նոր նախաձեռնություն է սկսել

2 րոպեի ընթերցում

Հադրութի շրջանում խաղողի այգի և գինու գործարան կորցնելուց հետո արցախցի գործարարն Արցախում նոր նախաձեռնություն է սկսել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հադրութի շրջանում Մեծ Թաղեր և Տող գյուղերում 300 հազար խաղողի վազ և գինու գործարան կորցնելուց հետո գործարար Սամվել Գրիգորյանը չի հրաժարվել խաղողագործությունից: 44-օրյա պատերազմի հետևանքով այգին կորցնելուց հետո պայմանավորվածություն է ձեռք բերել և սկսել է նոր այգու ստեղծման վրա աշխատել:

IMG-6715.JPG (720 KB)

«Արմենպրես»-ի հետ զրույցում գործարար Գրիգորյանը նշեց՝ փոխվել է այգու աշխարհագրությունը, բայց, քանի դեռ Արցախում է, շարունակելու է այգիներ ստեղծել: Նրա խոսքով՝ արդեն 7 տարի է, ինչ զբաղվում է խաղողագործությամբ և այդ գործում պրոֆեսիոնալ է, գործը կիսատ թողնելու կարիք չի տեսնում: Նոր այգին Ծաղկաշատ համայնքի տարածքում է:

«Դիմել ենք Արցախի ղեկավարությանը, քննարկել ենք ու այգին վերականգնելու շուրջ համաձայնության ենք եկել: Տեղն ընտրել ենք, խոստացել են ցանկացած քայլում աջակցել: Հադրութի շրջանում մենք 240 աշխատատեղ էինք բացել, պատերազմի հետևանքով խոշոր տնտեսական վնասներ կրածների շարքում ենք»,- ասաց գործարարը:

IMG-6717.JPG (409 KB)

Տեղն ընտրված է, պետությունը հողատարածքը գերակա շահ է ճանաչել: Ներկայացված բիզնես ծրագրի շրջանակներում ֆինանսավորվելու են խաղողի 200 հազար վազից բաղկացած այգու և 300 հազար շիշ հզորությամբ գործարանի ստեղծման չափով: Ընդհանուր ներդրումները կազմելու են 3.5 մլն ԱՄՆ դոլար:

«2021 թվականի սեպտեմբերի մեկին տնկել ենք առաջին սյունը: Այսօրվա դրությամբ արդեն ունենք 100 հազար խաղողի վազ, որոնք ներմուծել ենք Ֆրանսիայից: Ունենք խաղողի 5 տեսակ` Pinot noir, Merlot, Cabernet Sauvignon, Cabernet franc և Syrah, որոնք նաև օգտագործվելու են որակյալ գինիներ ստեղծելու նպատակով»,- ասաց Գրիգորյանը:

IMG-6718.JPG (436 KB)

Այգու առաջին բերքը ստանալու են 2024 թվականին, որի ընթացքում պատրաստվում են նաև գինու գործարանը կառուցել: Ամփոփելով խոսքը՝ Սամվել Գրիգորյանը շեշտում է՝ քանի դեռ այդ հողի վրա են, շարունակելու են այգիներ հիմնել:

IMG-6721.JPG (529 KB)

Կարինե Տերտերյան

Նկարները՝ Սամվել Գրիգորյանի անձնական արխիվից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում