Արցախ

Չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար, մեր պատմությունն անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք. Արցախի ԱԺ նախագահ

3 րոպեի ընթերցում

Չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար, մեր պատմությունն անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք. Արցախի ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ,27 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար և Խնուշինակ համայնքներ՝ բնակիչներին ստեղծված իրավիճակի և այն հաղթահարելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին տեղեկություններ հայտնելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Արթուր Թովմասյանը Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի, պատգամավոր Արեգ Ավագյանի և օպերատիվ շտաբի անդամ, Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի Ճարտար և Խնուշինակ համայնքների բնակիչների հետ:

Հանդիպմանը ԱԺ նախագահը նշել է, որ Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացմանը և կհանդիսանա պատմական, իրավական, աշխարհաքաղաքական և բարոյական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար:

«Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար և մեր պատմությունն անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք: Շրջափակումը արցախահայությանը կանգնեցրել է աննախադեպ աղետի առջև: Վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը: Այս դժվարին օրերին առավել կարևոր են համերաշխությունն ու հանդուրժողականությունը միմյանց հանդեպ»,- հանդիպման ընթացքում ընդգծել է ԱԺ նախագահը:

Այնուհետև նա առանձնացրել է շրջափակման ազդեցությունը մեղմելու առաջնահերթությունները.

«Որպես օրենսդիր մարմնի ղեկավար, ինձ համար առաջնային են.

1. Քաղաքացուն տեր կանգնելու պետության պարտավորությունները:

2. Սոցիալական նոր ծրագրերի անհապաղ ձեռնարկումը, հատկապես խոցելի խավերի, այդ թվում շրջափակման հետևանքով գործազուրկի կարգավիճակում հայտնված մեր քաղաքացիների հանդեպ:

3. Տեսակետը, թե սոցիալական ծրագրերը ծուլության կամ անգործության են տանում մարդկանց, անընդունելի է այս իրավիճակում, քանի որ Արցախում ապրող ամեն մի հայ իրականացնում է սուրբ առաքելություն՝ ազգային արժանապատվության պահպանում»:

Նշվում է, որ հանդիպումն ընթացել է փոխըմբռնման մթնոլորտում: Բնակիչների բարձրացրած հարցերը քաղաքական, գյուղատնտեսության , սոցապահովության, անվտանգության ոլորտներին էին առնչվում: Հարցերի մի մասին տրվել են սպառիչ պատասխաններ, մյուսները կփոխանցվեն օպերատիվ շտաբ:

ԱԺ նախագահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել համայնքների բնակիչներին ճգնաժամային իրավիճակին պատշաճ կերպով դիմակայելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում