Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Շաղգամ»-ը՝ առաջատար. մանկական. դեկտեմբեր, 2022

6 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Շաղգամ»-ը՝ առաջատար. մանկական. դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ դեկտեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

«Մարդուկ Ջարդուկը» երկրորդ տեղում է։ Ուզու՞մ եք տեսնել, թե Կլարան ինչպես է Մարդուկ Ջարդուկին փրկում Մկների արքայից` վերածվելով գեղեցկատես արքայազնի,վայելել Քաղցրանուշի կախարդական թագավորության ամանորյա հրաշքները... ապա,այս գիրքը Ձեզ է սպասում:

Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը երրորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների միջոցով:

Չորրորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Երկնքում շատ աստղեր կան» պատմվածքների ժողովածուն։ Վերջինիս մեջ ներառվել են գաղափարներ ընտանեկան ջերմության, սիրո, փոխըմբռնման և նվիրվածության, ծնող-երեխա բազմաշերտ փոխհարաբերությունների, ընտանիքում տիրող խաղաղ և ջերմ մթնոլորտի կարևորության մասին։

Հինգերորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի «Հեքիաթներ»ժողովածուն վեցերորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Յոթերորդ տեղում է Մարջերի Ուիլյամսի «Թավշյա ճագարը կամ ինչպես են խաղալիքները դառնում իսկական» գիրքը։ Երբ երեխան սիրում է քեզ... ԻՍԿԱՊԵՍ սիրում է քեզ՝դու դառնում ես ԻՍԿԱԿԱՆ։ Թավշյա Ճագարը երազում է լինել իսկական, ինչպես իր ծեր և իմաստուն ընկերը՝ Կաշվե ձին։ Բայց ԻՍԿԱԿԱՆ լինելն այն չէ, թե ինչպես ես պատրաստված։ Դա այն է, ինչ կատարվում է քեզ հետ։ Փոքրիկ տղայի սիրո շնորհիվ թավշյա Ճագարի երազանքները հրաշքով կարող են իրականանալ... Մարջերի Ուիլյամսի մանկական դասական այս վիպակի նկարազարդ ամբողջական հրատարակությունը, որ առաջին անգամ լույս է տեսել 1922 թ., կգրավի ցանկացածի սիրտը, ով հավատում է սիրո ուժին։

Ութերորդ տեղում է «Գայլն ու յոթ ուլիկները» գիրքը: Գրիմ եղբայրների այս հեքիաթը, հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում: Սյուժեն շատ հայտնի է ու պարզ, կարելի է ասել՝ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:

Իններորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

Տասներորդ տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1 «Շաղգամը» Բուկինիստ 142
2 նոր Մարդուկ-Ջարդուկ-01.jpg (88 KB) «Մարդուկ Ջարդուկը» Անտարես 116
3 +1 Հովհաննես Թումանյան, «Փիսիկի գանգատը» Բուկինիստ 114
4 * Գրիգոր Քեշիշյանի «Երկնքում շատ աստղեր կան» Դավինչի 113
5 -2 «Ով է ապրում տնակում» Բուկինիստ 104
6 * Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ» GSM 95
7 * Մարջերի Ուիլյամսի «Թավշյա ճագարը կամ ինչպես են խաղալիքները դառնում իսկական» Զանգակ 94
8 -3 «Գայլն ու յոթ ուլիկները» Բուկինիստ 93
9 * «Շունն ու կատուն» Բուկինիստ 90
10 -9 «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» Դավինչի 84

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում