Պաշտոնական

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկը

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկը

ԵՐԵՎԱՆ,24 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Հանրապետության նախագահն արդյունավետ աշխատանք է մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում:

«Հունվարի 2-ին լրացավ Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և այս առումով խորհրդանշական է նաև, որ Դուք Հայաստան ժամանեցիք հունվարի 2-ին, հավատացած եմ, որ նաև Ձեր ջանքերը կնպաստեն հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանը»,- իր խոսքում ընդգծել է նախագահ Խաչատուրյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Պիրունչիկը պատրաստակամություն է հայտնել իր աշխատանքով հնարավորինս նպաստել Հայաստանի և Չեխիայի միջև փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Իր խոսքում նորանշանակ դեսպանը նախագահին է փոխանցել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի ողջույնները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չեխական առևտրա-տնտեսական կապերի ակտիվացման և խորացման, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության, տուրիստական ոլորտներում համագործակցության հեռանկարներն ու Երևան-Պրագա ուղիղ չվերթների վերականգնման հնարավորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ այցելությունների և բարձր մակարդակի քաղաքական շփումների կարևորությանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումները՝ քննարկված համագործակցությունը կյանքի կոչելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում