Արցախ

Արցախի պետնախարարի գլխավորությամբ տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում մի շարք հրատապ հարցեր են քննարկվել

2 րոպեի ընթերցում

Արցախի պետնախարարի գլխավորությամբ տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում մի շարք հրատապ հարցեր են քննարկվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ հունվարի 23-ին տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի պետնախարարի աշխատակազմից, ներկայացվել է կտրոնային համակարգի անցման հետ կապված իրավիճակը: Նշվել է, որ համակարգի ներդրմանը զուգահեռ՝ բացահայտվում են գործընթացի հետ կապված խնդիրները, տեսչական և վերահսկող մարմինների կողմից արագ արձագանք է լինում բնակչության ահազանգերին (ինչպես մատակարարված բրինձի տեսակներից մեկի դեպքում), և փորձ է արվում դրանց հնարավորինս արագ լուծումներ տալ:

Ընդհանուր առմամբ դրական համարելով համակարգի ներդրման ընթացքը՝ պետնախարարը հանձնարարել է ամփոփել և ներկայացնել գործընթացի ընթացքում ի հայտ եկածխնդիրները:

Օպերատիվ շտաբը նաև կոչ է արել բոլոր քաղաքացիներին՝ ստանալ պարենային հինգ ապրանքատեսակների վաճառքի կտրոնները, որպեսզի մատակարարումները կատարվեն համապատասխան սահմանաչափերով:

Նիստում ներկայացվել է նաև էներգամատակարարման և գազամատակարարման հետ կապված ընթացիկ իրավիճակը: Նշվել է, որ ադրբեջանական կողմի միջամտությամբ Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի խափանման և գազամատակարարման՝ պարբերական դարձած անջատումների պայմաններում ՝ էլեկտրամատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել: Փաստացի էլեկտրաէներգիայի մատակարարումը ներկայումս իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին, ինչի պատճառով համակարգը շատ ծանրաբեռնված է, ավելանում են վթարների թիվը: Այս իրավիճակում ոլորտի պատասխանատուները հորդորում են բնակչությանը՝ առավելագույնս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան:

Նիստի ընթացքում զեկուցվել է նաև դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում