Արցախ

«...Իսկ նման պարագայում` Արցախը չի կարող պարտվել»

7 րոպեի ընթերցում

 «...Իսկ նման պարագայում` Արցախը չի կարող պարտվել»

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան շարժման օրերին, երբ թե՛ Ստեփանակերտում եւ թե՛ հայոց մայրաքաղաք Երեւանում աննախադեպ ցույցերից ու հանրահավաքներից թնդում էին հրապարակները, եւ ժողովրդի ընդվզումն ու արդարության վերականգնման` մայր Հայաստանին միավորվելու համար պայքարը վճռական փուլ էր թեւակոխել, տեղի ունեցող իրադարձություններին քաջատեղյակ լինելու եւ մարդկանց սատարելու, գոտեպնդելու նպատակով Հայաստանից հաճախ էին Արցախ ժամանում մտավորականության ճանաչված ներկայացուցիչներ. գրողներ, արվեստագետներ, գիտնականներ, պետական, քաղաքական գործիչներ: Եվ, բնականաբար, նման այցերն ավելի էին խանդավառում եւ ոգեւորում շարժման ակտիվիստներին, ցույցերի մասնակիցներին:

Պատվիրակություններին սովորաբար ուղեկցում էր Զորի Բալայանի թիմը, ով լիարժեք տիրապետում էր գործընթացների մանրամասներին եւ անհրաժեշտ տեղեկություններ հաղորդում արձանագրվող նորությունների մասին: Այդ առումով արցախցիների համար անակնկալ էր հայ անվանի բանաստեղծուհու` Սիլվա Կապուտիկյանի այցը Ստեփանակերտ, ով հանդիպումներ ունեցավ նաեւ «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրակազմի ու նրա ընթերցողների հետ, շրջեց բազմամարդ հրապարակում եւ ունկնդրեց ժողովրդի ձայնը, անկեղծորեն ուրախացավ մարդկանց լավատեսությամբ, մայրական հորդորով ու գուրգուրանքով խնդրեց նրանց չշեղվել պայքարից, լինել միասնական ու համախմբված: Իսկ Եղիշե Չարենցի անունը կրող թիվ 7 դպրոցում կազմակերպված հանդիսությանը, որին ներկա էին մի խումբ գրողներ, աշակերտներից մեկը երբ փայլուն կերպով արտասանեց իր «Հայոց լեզուն» հանրահայտ ստեղծագործությունը, ճերմակավարս բանաստեղծուհին հուզմունքից արցունքախառն համբուրեց պատանու ճակատը եւ ասաց, «Ես լիովին համոզվեցի, որ այստեղ մեծ ու փոքրով միասնական վճիռ են կայացրել եւ զորեղ կամք ունեն: Իսկ նման պարագայում Արցախը չի կարող պարտվել»:

Երբ թեւանցուկ դուրս եկանք դպրոցի շենքից, Սիլվա Կապուտիկյանը խորախորհուրդ հայացք ձգեց Եղիշե Չարենցի հարթաքանդակին եւ դարձավ ինձ. «Սիրտս ավելի փառավորվեց` իմանալով, որ կրթօջախը Չարենցի անունն է կրում»: Գրեթե միասին արտասանելով «Ես իմ անուշ Հայաստանին»՝ կենտրոնական հրապարակ բարձրացանք` միանալով ցույցի մասնակիցներին:

* * *

Մեկ ամիս չանցած՝ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանի առաջարկությամբ գործուղվեցի Երեւան` իր հիմնադրելիք «Արցախ» գրական հանդեսի անդրանիկ համարի համար նյութեր հայթայթելու: Ծնունդ առնող հանդեսի առաջին համարում` մի խումբ երեւելիների շարքում, ծրագրված էր նաեւ Սիլվա Կապուտիկյանի ողջույնի խոսքը: Տեղ հասնելով՝ երեկոյան զանգեցի, եւ պայմանավորվեցինք հանդիպման համար: Սիրով համաձայնեց եւ ուրախացավ` տեղեկանալով Վարդանի հերթական ձեռնարկման մասին:

Հաջորդ օրը նախատեսված ժամին ծեծեցի Բաղրամյան փողոցի վրա գտնվող բարձրահարկ շենքում նրա բնակարանի դուռը: Բացեց եւ հարազատի պես դիմավորեց` խնամքով ծաղկամանի մեջ տեղավորելով իմ ընտրած ճերմակ վարդերը: Ապա ժպտալով ասաց. «Լսիր, այսպիսի վարդերը սովորաբար բույր չեն ունենում, ինչպե՞ս է, որ հաճելիորեն բուրում են եւ շատ են քնքուշ: Չլինի՞ Արցախից ես բերել»: «Չէ, Սիլվա Բարունակովնա, Ավետիք Իսահակյանի հուշարձանի հարեւանությամբ գտնվող սրահի ծաղկավաճառներից եմ գնել: Երեւի վարպետի մատն է խառը», կատակով պատասխանեցի ես: Նա ծիծաղեց եւ պատասխանից գոհ՝ դարձավ ինձ. «Համաձայն եմ, էդ մեկը հնարավոր է»: Ստիպեց, որ վերարկուս հանեմ: Որքան փորձեցի համոզել, որ շտապում եմ, դրսում սպասող կա, չստացվեց: Եվ հորդորեց անպայման նստել: Ասաց` «դրսում շատ է ցուրտ, մրսած կլինես, մի բաժակ թեյը չի խանգարի»: Եվ մայրական հոգատարությամբ ու սիրալիրությամբ հրավիրեց սեղանի շուրջը: «Օգտվիր եւ քեզ զգա ինչպես քո տանը: Հյուրասիրվիր` խմորեղենը ես եմ իմ ձեռքով պատրաստել», գրեթե ստիպողաբար համոզեց մեծ մայրն ու բանաստեղծուհին եւ մի քանի կտոր դրեց ափսեիս մեջ: Փորձեցի` շատ անուշ էր տաք թեյի հետ, եւ վայելելու ժամանակ մորս պատրաստած երեւանյան քաղցրահամ գաթան հիշեցի...

Սիլվա Կապուտիկյանը նախապես պատրաստել էր «Արցախի» համար գրած իր ելույթը եւ այն փոխանցեց ինձ` օրհնանքի եւ բարեմաղթանքի խոսքերով: Ապա հետաքրքրվեց արցախյան իրադարձություններով, հարցրեց, թե ինչպե՞ս է ժողովրդի տրամադրությունը, մարդիկ հո հիասթափված եւ հուսալքված չե՞ն Մոսկվայի (Կրեմլի) կողմից ընդունված ադրբեջանանպաստ որոշումներից: Ու, քանի որ Ս. Կապուտիկյանը Զ. Բալայանի հետ անձամբ էր հանդիպել Միքայել Գորբաչովի հետ եւ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ նրա դիրքորոշմանը լավ քաջատեղյակ էր, ափսոսանքով նշեց, թե Մոսկվան մտադիր չէ փոփոխել ԽՍՀՄ-ի սահմանները, ու հայ ժողովուրդը հույսն իր վրա պիտի դնի եւ միասնաբար, համախմբված ու հետեւողականորեն շարունակի արդարության համար պայքարը: «Ցավոք, հակամարտությունն անխուսափելի է, ու վախենամ` դաժան պատերազմ սկսեն թուրքերը, նորից տեղահանություն ու կոտորած լինի», այս խոսքերը նա ասաց մայրական հոգում ցավն ու արտասուքը խեղդելով:

Երբ հրաժեշտ պիտի տայինք իրար, եւ պատրաստվում էի դուրս գալ տնից, Ս. Կապուտիկյանն անսպասելիորեն այսպիսի հարց ուղղեց ինձ. «Իսկ դու հավատո՞ւմ ես Արցախի, հայ ժողովրդի հաղթանակին»: Նրա հարցին հարցով պատասխանեցի ես. «Բայց չէ՞ որ մենք` Հայաստանն ու Արցախը, արդեն միացել ենք իրար, եւ ընդամենը փաստաթղթերով ամրագրել է մնում այդ իրողությունը»: Ապա, որպես համոզիչ փաստ, վկայակոչեցի գրական երկու ընտանիքների միավորման օրինակը: Լսելով այդ մասին, նա պայծառացավ եւ, չնայած առողջական վիճակին, խոստացավ ամռանն անպայման Արցախ այցելել: Ու ջերմորեն հրաժեշտ տվինք իրար` կրկին Ստեփանակերտում հանդիպելու ակնկալությամբ:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ստեփանակերտ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում