Արցախ

Արցախի ԱԳՆ-ն պետություններին կոչ է անում ձեռնարկել Ադրբեջանի ցեղասպան գործողություններն անհապաղ դադարեցնելու միջոցներ

2 րոպեի ընթերցում

Արցախի ԱԳՆ-ն պետություններին կոչ է անում ձեռնարկել Ադրբեջանի ցեղասպան գործողություններն անհապաղ դադարեցնելու միջոցներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել երկրի գազամատակարարման հերթական խափանման կապակցությամբ՝ պետություններին կոչ անելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները անհապաղ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները՝ համաձայն ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր հանձնառության։«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից:

Հայտարարության մեջ նշված է. «Հունվարի 18-ին՝ Արցախի շրջափակման 38-րդ օրը, Ադրբեջանը կրկին խափանել է իր վերահսկողության տակ գտնվող Հայաստան-Արցախ գազատարի աշխատանքը՝ Արցախի 120 հազար բնակչությանը զրկելով ջեռուցման և տաք ջրի հնարավորությունից։

Հարկ է նշել, որ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումը պարբերական բնույթ է կրում։ Արցախի գազամատակարարումը դադարեցվել էր նաև 2022 թ․ մարտին՝ ավելի քան 20 օրով, Արցախի շրջափակման երկրորդ օրը՝ դեկտեմբերի 13-ին՝ 3 օրով, ինչպես նաև հունվարի 17-ին։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը միտումնավոր շարունակում է խոչընդոտել իր վերահսկողության տակ գտնվող Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի վերականգնման աշխատանքները, որը վթարվել էր հունվարի 9-ին։

Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի կազմակերպված և շարունակական շրջափակումը, ժողովրդի համար անտանելի կենսապայմանների ստեղծումը և հումանիտար աղետի խորացումը հետապնդում է մեկ նպատակ՝ ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին՝ հայաթափելով Արցախը։ Այսպիսով Ադրբեջանը փորձում է վերջնականապես փակել Արցախի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների հարցը։

Այս համատեքստում միջազգային հանրության թե՛ անհատական, թե՛ հավաքական քայլերը պետք է ուղղված լինեն վաղ կանխարգելմանը: Կոչ ենք անում պետություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները անհապաղ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները՝ համաձայն ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր հանձնառության»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում