Արցախ

Արցախի ԱԽ նիստում քննարկվել են արդեն 38 օր տևող հումանիտար ճգնաժամի հետևանքների հաղթահարման մեխանիզմները

2 րոպեի ընթերցում

Արցախի ԱԽ նիստում քննարկվել են արդեն 38 օր տևող հումանիտար ճգնաժամի հետևանքների հաղթահարման մեխանիզմները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 18-ին անց է կացվել Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակից, նիստում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման պատճառով Արցախում արդեն 38 օր տևող հումանիտար ճգնաժամի հետևանքները, քննարկվել են դրանց հաղթահարման մեխանիզմները։

Արցախի նախագահը տեղեկացրել է, որ հունվարի 15-ին ռուսական կողմի միջնորդությամբ կազմակերպվել է հաղորդակցություն ադրբեջանական կողմի հետ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով: Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ մայրուղու վերաբացման ուղղությամբ որևէ առաջընթաց չի արձանագրվել: Դրա փոխարեն, հունվարի 17-ին գազամատակարարման խաթարման հետևանքով ստեղծվել են նոր լրջագույն խնդիրներ:

Ըստ աղբյուրի՝ Արցախի ԱԽ նիստում ընդգծվել է սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող քայլերը ճգնաժամային իրավիճակին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։ Լիազոր պետական կառույցների ղեկավարներին Հանրապետության նախագահը տվել է հանձնարարականներ։ Օպերատիվ շտաբի պետ, պետական նախարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում կներկայացնի շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության հետագա ապահովման, հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ կոնկրետ առաջարկներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում