Պաշտոնական

ՀՀ նախագահը ողջունել է Էստոնիայի ԱԳՆ-ի հայտարարությունները Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը ողջունել է Էստոնիայի ԱԳՆ-ի հայտարարությունները Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Էստոնիայի Արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Էստոնիայի ԱԳՆ հայտարարությունները Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել խնդրո առարկայի վերաբերյալ Էստոնիայի հստակ դիրքորոշման համար:

Նախարար Ռեինսալուն իր հերթին շեշտել է, որ Էստոնիան խորապես հետաքրքրված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ: Ուրմաս Ռեինսալուն ընդգծել է նաև, որ Էստոնիան լիովին սատարում է սահմանի երկայնքով ԵՄ տևական դիտորդական առաքելության տեղակայման որոշումը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես հայ-էստոնական համագործակցությունն առավել խթանելուն, այնպես էլ ԵՄ Արևելյան գործընկերության հարթակն արդյունավետ օգտագործելու խնդիրներին:

Անդրադառնալով Հարավային Կովկասում ներկայիս իրավիճակին ու հիմնախնդիրներին, Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը միանշանակ որդեգրել է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման մոտեցումը:

Արձագանքելով Հայաստանի նախագահին Էստոնիայի ԱԳ նախարարն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել հնարավոր բոլոր ջանքերը ներդնել տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորմանն աջակցելու ուղղությամբ: Նախարարը նաև ողջունել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման վերաբերյալ հայկական կողմի պատրաստակամությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում