Կ. Պոլսի հայ պատրիարքն առաջին անգամ պաշտոնական այց է կատարել Երուսաղեմ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,18 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Պոլսի հայ պատրիարք Ն.Ա.Տ. Սահակ արք. Մաշալյանն առաջին անգամ պաշտոնական այց է կատարել Երուսաղեմ՝ Սուրբ երկրում մասնակցելու Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոնին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության տարածած հաղորդագրությունից:

«Հայ Եկեղեցին Երուսաղէմի մէջ, ըստ հին տոմարի, սովոր է տօնել Քրիստոսի Ծնունդը եւ Աստուածայայտնութիւնը Յունուար 19-ին: Այս տօնախմբութեան եւ հոգեւոր վերազարթնումին իր օրհնաբեր մասնակցութիւնը բերելու նպատակով Կ. Պոլսոյ Հայ Պատրիարք՝ Ամենապատիւ Տ. Սահակ Արք. Մաշալեան, իր շքախմբով ժամանեց Սուրբ Երկիր: Ամեն. Տ. Սահակ Պատրիարք Մաշալեան, իր տասնօրեայ ուխտագնացութիւնը դէպի Սուրբ Երկիր սկսաւ 17 Յունուար, 2023-ին: Այս Նորին Ամենապատուութեան առաջին պաշտօնական այցն է Սուրբ Երկիր՝ իբրեւ Կ. Պոլսոյ Հայ Պատրիարք:

Թէլ Ավիվի «Պէն Կուրիոն» օդակայանի մէջ Ս. Աթոռոյս Դիւանապետ՝ Հոգշ. Տ. Կորիւն Վրդ. Բաղդասարեանի կողմէ դիմաւորուելէ ետք, Նորին Ամենապատուութիւնը մեկնեց Երուսաղէմ:

Երուսաղէմի՝ Հին քաղաքի Եաֆայի դրան մուտքին Պատրիարք Սրբազան Հայրը դիմաւորելու եկած էին Սրբոց Յակոբեանց միաբան հայրերը, քրիստոնեայ համայնքներու հոգեւոր պետերը եւ ներկայացուցիչները, Իսրայէլի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Տիար Արման Յակոբեանը, ժառանգաւոր սաները, Երուսաղէմացի հայերը, ուխտաւորները՝ Հայաստանէն, Կ. Պոլիսէն եւ արտասահմանէն, ՀԵՄ-ի սկաուտական խումբը, ինչպէս նաեւ օտարականներ, որոնք անհամբեր կը սպասէին Ամեն. Տ. Սահակ Պատրիարք Սրբազան Հօր ժամանումին:

Ժամը 13:30-ին, Պատրիարք Սրբազան Հօր ինքնաշարժը ժամանեց Եաֆայի դուռ, ապա Սուրբ Աթոռոյս Լուսարարապետ՝ Գերշ. Տ. Սեւան Արք. Ղարիպեան, որ կը նախագահէր թափօրին, բարի գալուստ մաղթեց Նորին Ամենապատուութեան, որմէ յետոյ եկեղեցականաց թափօրի ուղեկցութեամբ եւ ՀԵՄ-ի սկաուտներու թմբուկի եւ փողերու նուագակցութեամբ Պատրիարք Սրբազան Հայրը անցնելով հին քաղաքի փողոցներէն՝ մուտք գործեց Հայոց Պատմական Վանք եւ Սրբոց Յակոբեանց Մայր Տաճար:

Նորին Ամենապատուութիւնը «Հրաշափառ»-ով առաջնորդուեցաւ Սբ. Գլխադիր, խնկարկեց եկեղեցին եւ եկեղեցականներուն, ապա ծնրադրելով՝ իր ուխտի աղօթքը բարձրացուց առ Աստուած: Ուխտի աղօթքէն ետք, Աւագ Խորանին առջեւ Լուսարարապետ Սրբազան Հայրը դարձեալ բարի գալուստ մաղթեց Պատրիարք Սրբազան Հօրը, եւ իր ուրախութիւնը յայտնեց, որ Կ. Պոլսոյ Հայ Պատրիարքն իր շքախմբով ուխտի եկած է Սուրբ Երկիր՝ տօնելու մեր Տիրոջ Հրաշափառ Սուրբ Ծնունդը եւ զօրակցելու Սրբոց Յակոբեանց Միաբանութեան եւ Ժառանգաւոր սաներուն: Ապա հրաւիրեց Ամեն. Տ. Սահակ Պատրիարք Սրբազան Հայրը իր խօսքն ըսելու ներկաներուն, որ նախ՝ փառք տուաւ Աստուծոյ իրեն ընծայուած այս բացառիկ առիթին համար, ապա իր ուրախութիւնը յայտնեց, որ կը գտնուի Երուսաղէմի մէջ, եւ ըսաւ, թէ Երուսաղէմը իրեն համար բացառիկ արժէք ունի, քանի որ երեք տարի ծառայած է Ս. Աթոռոյս, իսկ Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարի կամարներուն տակ գտնուիլը իրեն համար իր տան մէջ գտնուիլ ըսել է: Իր խօսքին մէջ, Նորին Ամենապատուութիւնը շնորհակալութիւն յայտնեց նաեւ Սուրբ Աթոռոյս Գահակալ՝ Ամեն. Տ. Նուրհան Պատրիարք Մանուկեանին, որու տնօրինութեամբ իրականացաւ սոյն ուխտագնացութիւնը, Զինուորեալ միաբանութեանը, որու իւրաքանչիւր անդամ իր կեանքը նուիրաբերած է Քրիստոսակոխ սրբավայրերը անվթար պահելուն եւ Հայ եկեղեցւոյ դարաւոր իրաւունքները պահպանելուն: Ան իր սէրը եւ խոնարհումը բերաւ Ս. Աթոռոյս ծառայող իւրաքանչիւրի միաբանի եւ ժողովուրդի հանդէպ:

Պատրիարք Սրբազան Հօր խօսքէն ետք, Ս. Աթոռոյս օրհներգի՝ «Օրհնեցէք» շարականի երգեցողութեամբ միաբանութիւնը, ժառանգաւոր սաները եւ ուխատւոր ժողովուրդը թափօրով Ն.Ա.Տ. Սահակ Պատրիարք Մաշալեանը առաջնորդեցին Պատրիարքարան, ուր ան դիմաւորուեցաւ Սուրբ Աթոռոյս Գահակալ՝ Ն.Ա.Տ. Նուրհան Պատրիարք Մանուկեանի կողմէ:

Ապա Սուրբ Աթոռոյս Գահակալը «Պահպանիչ»-ով փակեց Ամեն. Տ. Սահակ Պատրիարք Մաշալեանի դիմաւորման արարողութիւնը, որմէ յետոյ ներկաները մօտեցան աջհամբոյրի՝ ստանալու երկու գահակալներու օրհնութիւնը:

Վերջաւորութեան Ամեն. Տ. Սահակ Պատրիարք Մաշալեան սոյն այցելութեան որպէս յիշատակ Սուրբ Աթոռոյս Գահակալին նուիրեց խեթական ոճով ապակեայ թանկագին սրուակ մը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն العربية English

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը