Սփյուռք

Կ. Պոլսի հայ պատրիարքն առաջին անգամ պաշտոնական այց է կատարել Երուսաղեմ

5 րոպեի ընթերցում

Կ. Պոլսի հայ պատրիարքն առաջին անգամ պաշտոնական այց է կատարել Երուսաղեմ

ԵՐԵՎԱՆ,18 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Պոլսի հայ պատրիարք Ն.Ա.Տ. Սահակ արք. Մաշալյանն առաջին անգամ պաշտոնական այց է կատարել Երուսաղեմ՝ Սուրբ երկրում մասնակցելու Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոնին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության տարածած հաղորդագրությունից:

«Հայ Եկեղեցին Երուսաղէմի մէջ, ըստ հին տոմարի, սովոր է տօնել Քրիստոսի Ծնունդը եւ Աստուածայայտնութիւնը Յունուար 19-ին: Այս տօնախմբութեան եւ հոգեւոր վերազարթնումին իր օրհնաբեր մասնակցութիւնը բերելու նպատակով Կ. Պոլսոյ Հայ Պատրիարք՝ Ամենապատիւ Տ. Սահակ Արք. Մաշալեան, իր շքախմբով ժամանեց Սուրբ Երկիր: Ամեն. Տ. Սահակ Պատրիարք Մաշալեան, իր տասնօրեայ ուխտագնացութիւնը դէպի Սուրբ Երկիր սկսաւ 17 Յունուար, 2023-ին: Այս Նորին Ամենապատուութեան առաջին պաշտօնական այցն է Սուրբ Երկիր՝ իբրեւ Կ. Պոլսոյ Հայ Պատրիարք:

Թէլ Ավիվի «Պէն Կուրիոն» օդակայանի մէջ Ս. Աթոռոյս Դիւանապետ՝ Հոգշ. Տ. Կորիւն Վրդ. Բաղդասարեանի կողմէ դիմաւորուելէ ետք, Նորին Ամենապատուութիւնը մեկնեց Երուսաղէմ:

Երուսաղէմի՝ Հին քաղաքի Եաֆայի դրան մուտքին Պատրիարք Սրբազան Հայրը դիմաւորելու եկած էին Սրբոց Յակոբեանց միաբան հայրերը, քրիստոնեայ համայնքներու հոգեւոր պետերը եւ ներկայացուցիչները, Իսրայէլի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Տիար Արման Յակոբեանը, ժառանգաւոր սաները, Երուսաղէմացի հայերը, ուխտաւորները՝ Հայաստանէն, Կ. Պոլիսէն եւ արտասահմանէն, ՀԵՄ-ի սկաուտական խումբը, ինչպէս նաեւ օտարականներ, որոնք անհամբեր կը սպասէին Ամեն. Տ. Սահակ Պատրիարք Սրբազան Հօր ժամանումին:

Ժամը 13:30-ին, Պատրիարք Սրբազան Հօր ինքնաշարժը ժամանեց Եաֆայի դուռ, ապա Սուրբ Աթոռոյս Լուսարարապետ՝ Գերշ. Տ. Սեւան Արք. Ղարիպեան, որ կը նախագահէր թափօրին, բարի գալուստ մաղթեց Նորին Ամենապատուութեան, որմէ յետոյ եկեղեցականաց թափօրի ուղեկցութեամբ եւ ՀԵՄ-ի սկաուտներու թմբուկի եւ փողերու նուագակցութեամբ Պատրիարք Սրբազան Հայրը անցնելով հին քաղաքի փողոցներէն՝ մուտք գործեց Հայոց Պատմական Վանք եւ Սրբոց Յակոբեանց Մայր Տաճար:

Նորին Ամենապատուութիւնը «Հրաշափառ»-ով առաջնորդուեցաւ Սբ. Գլխադիր, խնկարկեց եկեղեցին եւ եկեղեցականներուն, ապա ծնրադրելով՝ իր ուխտի աղօթքը բարձրացուց առ Աստուած: Ուխտի աղօթքէն ետք, Աւագ Խորանին առջեւ Լուսարարապետ Սրբազան Հայրը դարձեալ բարի գալուստ մաղթեց Պատրիարք Սրբազան Հօրը, եւ իր ուրախութիւնը յայտնեց, որ Կ. Պոլսոյ Հայ Պատրիարքն իր շքախմբով ուխտի եկած է Սուրբ Երկիր՝ տօնելու մեր Տիրոջ Հրաշափառ Սուրբ Ծնունդը եւ զօրակցելու Սրբոց Յակոբեանց Միաբանութեան եւ Ժառանգաւոր սաներուն: Ապա հրաւիրեց Ամեն. Տ. Սահակ Պատրիարք Սրբազան Հայրը իր խօսքն ըսելու ներկաներուն, որ նախ՝ փառք տուաւ Աստուծոյ իրեն ընծայուած այս բացառիկ առիթին համար, ապա իր ուրախութիւնը յայտնեց, որ կը գտնուի Երուսաղէմի մէջ, եւ ըսաւ, թէ Երուսաղէմը իրեն համար բացառիկ արժէք ունի, քանի որ երեք տարի ծառայած է Ս. Աթոռոյս, իսկ Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարի կամարներուն տակ գտնուիլը իրեն համար իր տան մէջ գտնուիլ ըսել է: Իր խօսքին մէջ, Նորին Ամենապատուութիւնը շնորհակալութիւն յայտնեց նաեւ Սուրբ Աթոռոյս Գահակալ՝ Ամեն. Տ. Նուրհան Պատրիարք Մանուկեանին, որու տնօրինութեամբ իրականացաւ սոյն ուխտագնացութիւնը, Զինուորեալ միաբանութեանը, որու իւրաքանչիւր անդամ իր կեանքը նուիրաբերած է Քրիստոսակոխ սրբավայրերը անվթար պահելուն եւ Հայ եկեղեցւոյ դարաւոր իրաւունքները պահպանելուն: Ան իր սէրը եւ խոնարհումը բերաւ Ս. Աթոռոյս ծառայող իւրաքանչիւրի միաբանի եւ ժողովուրդի հանդէպ:

Պատրիարք Սրբազան Հօր խօսքէն ետք, Ս. Աթոռոյս օրհներգի՝ «Օրհնեցէք» շարականի երգեցողութեամբ միաբանութիւնը, ժառանգաւոր սաները եւ ուխատւոր ժողովուրդը թափօրով Ն.Ա.Տ. Սահակ Պատրիարք Մաշալեանը առաջնորդեցին Պատրիարքարան, ուր ան դիմաւորուեցաւ Սուրբ Աթոռոյս Գահակալ՝ Ն.Ա.Տ. Նուրհան Պատրիարք Մանուկեանի կողմէ:

Ապա Սուրբ Աթոռոյս Գահակալը «Պահպանիչ»-ով փակեց Ամեն. Տ. Սահակ Պատրիարք Մաշալեանի դիմաւորման արարողութիւնը, որմէ յետոյ ներկաները մօտեցան աջհամբոյրի՝ ստանալու երկու գահակալներու օրհնութիւնը:

Վերջաւորութեան Ամեն. Տ. Սահակ Պատրիարք Մաշալեան սոյն այցելութեան որպէս յիշատակ Սուրբ Աթոռոյս Գահակալին նուիրեց խեթական ոճով ապակեայ թանկագին սրուակ մը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում