Պաշտոնական

Էստոնիայի խորհրդարանի նախագահը պարզաբանել է, թե ինչու է պատերազմից հետո այցելել գրավյալ Շուշի

2 րոպեի ընթերցում

Էստոնիայի խորհրդարանի նախագահը պարզաբանել է, թե ինչու է պատերազմից հետո այցելել գրավյալ Շուշի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Էստոնիայի խորհրդարան՝ Ռիյգիկոգու և հանդիպում ունեցել խորհրդարանի նախագահ Յուրի Ռատասի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է տարածաշրջանային առկա զարգացումներին և հիմնախնդիրներին, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վտանգներին։

Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Ռատասն անթույլատրելի է որակել հումանիտար աղետի սպառնալիքը և շեշտել, որ Լաչինի մարդասիրական միջանցքը և ընդհանրապես որևէ հումանիտար միջանցք չի կարող շրջափակված մնալ և վտանգել հազարավոր մարդկանց կյանքն ու առողջությունը։

Ռիյգիկոգուի նախագահն անդրադարձել է նաև Շուշի կատարած իր այցելությանը և նշել, որ նպատակ է ունեցել զուտ տեղում ծանոթանալ ընդհանուր իրավիճակին: Նա նշել է՝ Էստոնիան իր հնարավորությունների սահմաններում պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օրակարգին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-էստոնական համագործակցության ներուժի և հնարավորությունների կյանքի կոչմանը թվայնացման, բարձր տեխնոլոգիաների ու սահմանային անվտանգության համակարգերի ներդրման ոլորտներում։

Վահագն Խաչատուրյանը և Յուրի Ռատասն առանձնահատուկ կարևորել են երկու երկրների խորհրդարանների փոխգործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտության զարգացումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում