4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականի վերջում և 2023 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Թարգմանական գրականություն
Թոմաս Ման, «Բուդենբրոոկներ. մի ընտանիքի անկումը»
Գերմանացի խոշոր գրող Թոմաս Մանի «Բուդենբրոոկներ» վեպը 20-րդ դարի արձակի դասական նմուշներից է։ Օգտագործելով «ընտանեկան ժամանակագրության մեթոդը»՝ հեղինակը մի ընտանիքի չորս սերունդների կյանքի նկարագրությամբ տալիս է անցած դարի Գերմանիայի սոցիալ-քաղաքական համայնապատկերը։ Ռեալիստական գրականության հարուստ փորձը գրողին հնարավորություն է ընձեռել ընտանեկան կյանքի մասնավոր դեպքերից հասնել պատմական խոշոր ընդհանրացումների։ Թարգմանությունը գերմաներենից՝ Հակոբ Մովսեսի: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Մանկապատանեկան գրականություն
«Սինդիբադի ճանապարհորդությունները»
«Սինդիբադի ճանապարհորդությունները» «Հազար ու մեկ գիշեր» ժողովածուի ամենահայտնի հեքիաթներից է: Զարմանահրաշ արկածների որոնման ընթացքում Սինդիբադն իր նավն ուղարկում է բաց ծով, որպեսզի վաստակի Ծովագնաց մականունը: Այս գիրքը ներառում է Սինդիբադի բոլոր յոթ ճանապարհորդությունները, որոնց ընթացքում նա փրկվում է գերությունից, հաղթահարում է բնության տարբեր արհավիրքներ ու կատարում է հզոր տիրակալների առաջադրանքները: Քաջ Սինդիբադի զարմանահրաշ արկածները հիմք են ծառայել բազմաթիվ սերիալների, ֆիլմերի և մուլտֆիլմերի համար, որոնք սիրվել են բոլորի կողմից: Արաբերենից թարգմանեց Սարգիս Զաքարյանը։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Փաստավավերագրական գրականություն
Հեկտոր Գարսիա, Ֆրանսեսկ Միրալես, «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը»
«Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը:
Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ: Թարգմանիչ՝ Աննա Կարապետյան, խմբագիր՝ Վահե Ղուկասյան: Գիրքը լույս է ընծայել «ԴաՎինչի» հրատարակչությունը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը