Քաղաքականություն

Մենք չենք հասկանում Ադրբեջանի նախագահի քննադատությունը. Ֆրանսիայի ԱԺ նախագահի հարցազրույցը

8 րոպեի ընթերցում

Մենք չենք հասկանում Ադրբեջանի նախագահի քննադատությունը. Ֆրանսիայի ԱԺ նախագահի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նպատակն է գործել՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացի, միջազգային հանրությանը միավորել՝ ի շահ խաղաղ կարգավորման, որը պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պահպանումը: Բացի այդ, Ֆրանսիան կարևորում է այն գործողությունների իրականացումը, որոնք կբերեն խաղաղության հաստատման, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի բացումը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը: «Արմենպրես»-իհետ զրույցում այս մասին հայտարարեց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն, որի գլխավորած պատվիրակությունն օրերս Երևանում էր:

GEV_5570.jpg (392 KB)

-ՏիկինՅաելԲրաուն-Պիվե, ինչպես հայտնել էիք Ձեր թվիթերյան գրառմամբ՝Հայաստան եք եկել ՖրանսիայիԱզգայինժողովիաջակցությունըվերահաստատելունպատակով: Գիտեք՝ հիմա դժվարին ժամանակներ են հայ ժողովրդի համար. Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում լուրջ հումանիտար խնդիրներ են ծառացել: Ի՞նչ դերակատարում կարող է ունենալ Ֆրանսիան՝ ստիպելու Ադրբեջանին բացել միջանցքը, միջազգային հանրության արձագանքն ինչպիսի՞ն պետք է լինի:Եվ ինչպե՞ս եք վերաբերվում Ֆրանսիայի հասցեին հնչեցված՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի քննադատություններին:

-Ես այստեղ եմ եկել խորհրդարանական պատվիրակությամբ, որպեսզի անցյալ տարվա նոյեմբերին մեր ընդունած բանաձևից հետո վերահաստատենք մեր համերաշխությունն ու եղբայրությունը Հայաստանին և Հայաստանի ժողովրդին: Ֆրանսիան խստորեն դատապարտել է Լաչինի միջանցքի փակումը, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնահարումները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ -ի անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում երկու անգամ նախաձեռնել է Հայաստանի այս իրավիճակի վերաբերյալ հարցի քննարկում: Անցյալ տարվա հոկտեմբերին նրա նախաձեռնությամբ Պրահայում տեղի է ունեցել քառակողմ հանդիպումը, որի արդյունքում որոշակի համաձայնություն է ստացվել: Այսինքն՝ Ֆրանսիայի ջանքերը սահմանափակվում են ոչ միայն մեր հայտարարած, մեր ցուցաբերած համերաշխությամբ, այլ նաև շատ կոնկրետ գործողություններով՝ միջազգային ամենաբարձր մակարդակով, որոնց նպատակն է այս տարածաշրջանում վերահաստատել խաղաղություն: Հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած այս հանդիպման արդյունքներից մեկն է նաև ԵՄ-ի դիտորդական խմբի տեղակայումը Հայաստանի սահմանի երկայնքով, որը թույլ տվեց մեղմել լարվածությունը: Կարծում եմ, որ Եվրամիության հետ պետք է շարունակել այս ուղղությամբ ջանքերը: Այդ առումով մենք չենք հասկանում Ադրբեջանի նախագահ Ալիևի քննադատությունը, որովհետև Ֆրանսիան միշտ ցանկացել է գործել՝ ի նպաստ խաղաղության հաստատման գործընթացի, ի նպաստ նրա, որ Հարավային Կովկասում իրավիճակը կայունանա, Հարավային Կովկասը դառնա կայուն տարածաշրջան: Եվ կարծում ենք, որ Ադրբեջանը նույնպես կիսում է խաղաղության հաստատման այս նպատակը, ուստի պետք է իրականացնել այն գործողությունները, որոնք կբերեն այդ խաղաղության հաստատմանը, մասնավորապես՝ բացել Լաչինի միջանցքը և ազատել ռազմագերիներին, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում: Մենք միշտ պատրաստ ենք քննարկել բոլոր կողմերի հետ, քանի որ կարծում ենք, որ միայն խաղաղությունը կարող է տարածաշրջանում ապահովել շարունակական կայունություն:

GEV_5546.jpg (402 KB)

-Ֆրանսիայի Ազգային ժողովը նախորդ տարեվերջին ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Սակայն ավելի ուշ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ ընդունված բանաձևի տեքստը երկրի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ։ Այս պարագայում ի՞նչ ուժ ունի ընդունված բանաձևը: Իսկ ի՞նչ գործնական քայլեր կարելի է ակնկալել Ֆրանսիայի կառավարությունից՝ ստիպելու Ադրբեջանին, օրինակ, դուրս գալ Հայաստանի սուվերեն տարածքից, ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և այլն:

-Իսկապես Ազգային ժողովի դիրքորոշումն անկախ դիրքորոշում է: Այն ներկայացնում է պատգամավորների դիրքորոշումը: Եվ նույնիսկ, եթե այն միաձայն է ընդունվել, այնուամենայնիվ կառավարության համար պարտավորեցնող չէ: Եվ կառավարությունը կարող է իր պատկերացումներն ունենալ ու ամբողջությամբ չկիսել այն ամենը, ինչ ասվել է բանաձևում: Բնականաբար, մեր և կառավարության նպատակները նույնն են, եթե նույնիսկ եղանակները տարբեր լինեն: Մենք նախևառաջ շարունակում ենք երկխոսությունը կառավարության հետ, որպեսզի հասնենք համատեղ համաձայնության, բայց նպատակները մեկն են, այն է՝ տարածաշրջանում հասնել խաղաղության հաստատման այն միջոցներով, որ մենք ունենք մեր տրամադրության տակ և հաշվի առնելով այն տեղն ու դերը, որ մենք ունենք: Բայց, ինչպես գիտեք, Ֆրանսիան գործում է շատ տարբեր հարթակներում՝ լինեն երկկողմ հարաբերությունները, բազմակողմ հարաբերությունները եվրոպական հարթակներում: Եվ նպատակն է միջազգային համայնքին, միջազգային հանրությանը միավորել՝ ի շահ այս հարցի խաղաղ կարգավորման: Եվ այդ կարգավորումը, բնականաբար, պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, պահպանումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պահպանումը:

GEV_5531.jpg (399 KB)

-Խոսենք նաև հայ-ֆրանսիական հարաբերություններից: Ըստ Ձեզ՝ երկու երկրները ո՞ր ոլորտներում են առավել հաջող համագործակցում և ո՞ր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու, խորացնելու ներուժ կա:

-Համագործակցությունները բազմազան են, այդ պատճառով դժվար է դրանք դասակարգել ու որոշակի հիերարխիա սահմանել: Մի կողմից կա տնտեսական համագործակցությունը, որին լուրջ խթան տրվեց մասնավորապես 2022 թվականի մարտին Փարիզում կայացած «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագիրը կրող մեծ տնտեսական ֆորումի ժամանակ: Ի դեպ, Զարգացման ֆրանսիական գործակալությունը շուտով գրասենյակ կունենա նաև Հայաստանում: Շատ լուրջ համագործակցություն կա նաև կրթական ոլորտում, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի զարգացմանն է խթան տրվում այդ ոլորտում, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ մեր կապերը, ինչպես նաև առաջիկայում Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի բացումը: Համագործակցություն կա առողջապահական ոլորտում: Վաղը (14.01.2023) մենք հանդիպելու ենք մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների՝ ՀԿ-ների, որոնք գործում են նաև մարդասիրական ոլորտում, օգնություն են տրամադրում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին, տուժածներին: Եվ մեզ համար կարևոր է նաև խորապես տեղեկանալ այս իրավիճակին: Եվ վերջապես ՀՀ ազգային ժողովի հետ միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիր ստորագրեցինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Կարծում եմ՝ կարևոր է, որ խորհրդարանական դիվանագիտությունը ևս կարողանա ամբողջապես գործի դրվել և արդյունք տալ:

GEV_5590.jpg (422 KB)

-Տիկին Բրաուն-Պիվե, կցանկանա՞ք որևէ բան հավելել:

-Շատ ուրախ էի բացահայտելու ձեր երկիրը: Ցավում եմ, որ ավելի երկար չեմ կարողանա մնալ: Հուսով եմ, որ կրկին առիթներ կունենամ այստեղ գալու և որ հաջորդ անգամ իմ այցի ժամանակ արդեն խաղաղություն հաստատված կլինի բոլորի համար:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում