Արցախ

Երբեք չենք հրաժարվի մեր հայրենիքում ազատ ու արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքից. Արցախի պետնախարար

2 րոպեի ընթերցում

Երբեք չենք հրաժարվի մեր հայրենիքում ազատ ու արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքից. Արցախի պետնախարար

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը պետք է հասկանա, որ չի կարող խաղաղության հասնել հայերի կյանքի գնով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ չի կարող խաղաղության հասնել հայերի կյանքի գնով: Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսություն ունենալ այն մասին, թե ինչ է նշանակում խաղաղություն հայերի և ադրբեջանցիների համար: Բայց մենք երբեք չենք հրաժարվի մեր հայրենիքում՝ Արցախում, արժանապատիվ կյանքով, հարգանքով և ազատ ապրելու մեր իրավունքից»,-նշել է Վարդանյանը:

Ադրբեջանը 2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։ Բացի այդ, հունվարի 9-ին Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Ադրբեջանը թույլ չի տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը:

Արցախում հունվարի 12-ից ընդհատվել էր նաև ինտերնետ կապի մատակարարումը. մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի պսևդոբնապահպանները։ Եվ միայն հունվարի 13-ին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարի վայր և տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել՝ մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ։ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում ինտերնետ կապը վերականգնվել է:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում