Արցախ

Զինծառայողը վարձատրության դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին է փոխանցել պետական և ծառայողական գաղտնիքներ. Արցախի ԱԱԾ

2 րոպեի ընթերցում

Զինծառայողը վարձատրության դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին է փոխանցել պետական և ծառայողական գաղտնիքներ. Արցախի ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արցախի քաղաքացի, ՊԲ N զորամասի զինծառայողը 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից՝ պարտավորվելով վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԱԾ-ից, քաղաքացին իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես' իր ծառայության վայրի, ստորաբաժանման ուղղվածության, տեսակի և քանակի, առկա զինատեսակների, հրամանատարական կազմի, մարտական դիրքերի և մարտական հերթապահության վերաբերյալ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Արցախի Հանրապետության տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը:

Հիշյալ անձին ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է Արցախի քաղաքացիներին, օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու կամ համագործակցության առաջարկ ստանալու մասին անհապաղ տեղեկացնել իրավասու մարմիններին՝ Արցախի անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցերը նրանց հետ քննարկելը և տեղեկությունների փոխանցումը բացառելու, ինչպես նաև՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:

Ծանուցում, հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում