Արցախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պարտավոր են վերջ դնելու ադրբեջանական հանցավոր անպատժելիությանը. Արցախի ՄԻՊ

3 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պարտավոր են վերջ դնելու ադրբեջանական հանցավոր անպատժելիությանը. Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը միտումնավոր կաթվածահար է անում Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքները. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան պարտավոր են վերջ դնելու ադրբեջանական հանցավոր անպատժելիությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառումներով:

Արցախի ՄԻՊ-ը շեշտել է, որ Ադրբեջանն օգտագործում է ենթակառուցվածքային խոցելիությունը՝ շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդին ահաբեկելու և հավելյալ տառապանքներ պատճառելու համար:

Ըստ ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրած փաստերի՝ հունվարի 12-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Շուշիի հատվածում (շրջափակման վայր) դիտավորյալ կտրել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ եկող հաղորդակցության լարերը՝ Արցախի ամբողջ տարածքում խաթարելով հեռահաղորդակցության և ֆիքսված համացանցի հասանելիությունը։

«Օգտվելով այն հանգամանքից, որ դեպի Արցախ եկող ենթակառուցվածքներն անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ադրբեջանական կողմը միտումնավոր կաթվածահար է անում կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքը, որի վառ ապացույցն են գազամատակարարման խաթարումները (2022 թ․ մարտ, 2022 դեկտեմբեր), էլեկտրական բարձրավոլտ լարերի վերականգնմանը հունվարի 9-ից խոչընդոտելը, Արցախի տարածքում համացանցի և բջջային կապի պարբերական խաթարումները։

Արցախի ամբողջական շրջափակման պայմաններում ենթակառուցվածքային ահաբեկման այս մեթոդը նպատակ է հետապնդում Արցախի խաղաղ բնակչությանը ենթարկելու հավելյալ տառապանքների և մարդկային անտանելի պայմաններ ստեղծելու Արցախում»,- շեշտել է Ստեփանյանը:

Նա նաև ընդգծել է այն հանգամանքը, որ Ադրբեջանի վարքագիծը անարգանք է մարդու իրավունքների օրակարգի, մարդասիրական արժեքների և քաղաքակրթության նկատմամբ։

«Պետություններն ու միջազգային կառույցները և, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան պարտավոր են վերջ դնելու ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը»,- շեշտել է Արցախի ՄԻՊ-ը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում