Արցախ

Արցախի պետնախարարը Հայաստանից ավելի շատ ուղղություններով է աջակցություն ակնկալում

2 րոպեի ընթերցում

Արցախի պետնախարարը Հայաստանից ավելի շատ ուղղություններով է աջակցություն ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պայմաններում թե Հայաստանից, թե սփյուռքից ավելի շատ քայլերի, ավելի շատ ուղղություններով աջակցության անհրաժեշտություն է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդանյանն այս մասին ասաց «Շրջափակման մեկ ամիս» խորագրով Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ կան Հայաստանից:

Վարդանյանի կարծիքով՝ մարդիկ 100 տոկոսով չեն հասկանում, թե ինչ է շրջափակումը: Ըստ նրա՝ Հայաստանի ՀԿ-ները կարող են դիմել միջազգային տարբեր կառույցների՝ նշելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և այլ տարաբնույթ խախտումների մասին: Ըստ նրա՝ արձագանքը թե ՀԿ-ներից, թե պետական մարմիններից, թե ԱԺ-ից պետք է ավելի բարձր հնչեր, քանի որ աշխարհում շատ դժվար է ձայնը լսելի դարձնել:

«Եվ հայկական սփյուռքը, և Հայաստանը պետք է հասկանան, որ սա նորմալ իրավիճակ չէ, սա իրավիճակ է, որը պահանջում է արտահերթ քայլեր և ավելի ուժեղ ձևով է պետք հնչեցնել այս ամենը»,-ասաց Վարդանյանը:

Իսկ, թե ի՞նչ ակնկալիք կա Հայաստանի իշխանությունից՝ Արցախի պետնախարարն ասաց. «Հայաստանի իշխանությունն իր դիրքորոշումն արդեն հայտարարել է։ Իրենք աջակցում են ֆինանսապես, իրավական ուղղությամբ և ասում են, որ այսքանը կարող են անել, ավելին անել չեն կարող։ Կապ չունի, թե մենք ինչ ենք սպասում, իրենք իրենց պատասխանը տվել են, որ կարող են այսքանն անել։ Մենք շնորհակալ ենք դրա համար, ուղղակի այս իրավիճակում մեզ պետք է ավելի շատ ուղղությամբ օգնություն»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում