Քաղաքականություն

Սոցիալիստական Ինտերնացիոնալն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

2 րոպեի ընթերցում

Սոցիալիստական Ինտերնացիոնալն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

ԵՐԵՎԱՆ,12 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅ Դաշնակցության առաջարկով Սոցիալիստական Ինտերնացիոնալը (Ընկերվար Միջազգայնական) հունվարի 11-ին անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից՝ ներկայացնելով «Սոցիալիստական Ինտերնացիոնալի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» վերտառությամբ ընդունված հայտարարության հայերեն թարգմանությունը:

«Սոցիալիստական Ինտերնացիոնալն իր մտահոգությունն է հայտնում Լաչինի միջանցքի` որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև եզակի ցամաքային կապի, արգելափակման առնչությամբ։

Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

Հումանիտար իրավիճակը ծայրաստիճան լարված է, ուստի Սոցիալիստական Ինտերնացիոնալը կողմերին խստորեն հորդորում է գնալ երկխոսության և բանակցությունների, կանխել արգելափակման հետևանքով խաղաղ բնակչության հումանիտար ճգնաժամը:

ՀՅ Դաշնակցությունը շարունակում է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների միջոցով, ինչպես նաև կուսակցության արտաքին քաղաքական հնարավորություններով լայնածավալ աշխատանքներ տանել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, միջազգային զորակցության ապահովման և Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումների առաջացման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում