Amnesty International-ն Ադրբեջանին կոչ է արել վերջ դնել Լաչինի միջանցքի արգելափակմանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը: Նման հայտարարություն է արել Amnesty International իրավապաշտպան կազմակերպության լրատվական ծառայությունն իր Twitter-ի պաշտոնական էջում, հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչի պատճառով Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար հասանելի չեն առաջին անհրաժեշտության ապրանքները և ծառայությունները: Պետք է ապահովվի դրանից տուժած մարդկանց ազատ տեղաշարժը և տնտեսական ու սոցիալական իրավունքների պաշտպանությունը», - գրել է Amnesty International-ի մամուլի ծառայությունը:
#Azerbaijan must end the blockade of the #Lachin corridor, which has left residents of Nagorno Karabakh without access to essential goods and services. Freedom of movement and protection of economic and social rights for those affected must be ensured
— amnestypress (@amnestypress) January 11, 2023
Ադրբեջանը 2022 թ.-ի դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից Արցախ չի կարողացել վերադառնալ 1100 մարդ, որոնց թվում՝ 270 երեխա: Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։