Արցախ

Արցախի սուբյեկտայնություն, անվտանգություն, աշխարհի ուշադրություն. պետնախարարը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարարին

2 րոպեի ընթերցում

Արցախի սուբյեկտայնություն, անվտանգություն, աշխարհի ուշադրություն. պետնախարարը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարարին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հունվարի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակնախարար Սերգեյ Ղազարյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետությունում Արցախի Մշտական ներկայացուցչի պաշտոնը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, պետական նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Դավիթ Բաբայանին 2020 թվականի պատերազմից հետո՝ դժվարին ժամանակաշրջանում արտաքին գերատեսչության ղեկավարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու և իր առաքելությունն ազնվորեն իրականացնելու համար։ Այնուհետև երախտագիտություն է հայտնել Սերգեյ Ղազարյանին Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ճգնաժամային պայմաններում նախարարի պաշտոնում նշանակվելու բարդ որոշումն ընդունելու համար։

Ըստ աղբյուրի՝ Սերգեյ Ղազարյանը ևս շնորհակալություն է հայտնել Դավիթ Բաբայանին՝ պատերազմից անմիջապես հետո նման պատասխանատու առաքելությունը ստանձնելու համար և նշել, որ պատրաստ է անել առավելագույնը՝ պատվով հաղթահարելու առաջացած դժվարությունները։

«Խոսելով ստեղծված իրավիճակում երկրի համար կարևորագույն ուղղությունների մասին՝ պետնախարարն առանձնացրել է երեք նպատակ՝ պահպանել Արցախի սուբյեկտայնությունը, ապահովել անվտանգությունը և աշխատել, որպեսզի Արցախը հայտնվի արտաքին աշխարհի ուշադրության կենտրոնում։

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ առաջիկայում այդ նպատակների իրագործմանն են ուղղվելու բոլորի և, մասնավորապես, Արցախի ԱԳՆ ջանքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԳ նորանշանակ նախարարը, Արցախի Հանրապետության շրջափակմամբ պայմանավորված, առայժմ իր գործունեությունը կիրականացնի Հայաստանից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում