Արցախ

Մեր ժողովուրդն ընտրում է մեր հողի վրա ապրելու իրավունքի համար պայքարելու մոտեցումը. Արցախի պետնախարարն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

3 րոպեի ընթերցում

Մեր ժողովուրդն ընտրում է մեր հողի վրա ապրելու իրավունքի համար պայքարելու մոտեցումը. Արցախի պետնախարարն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

ԵՐԵՎԱՆ,11 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը հունվարի 11-ին ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են պետական նախարարի աշխատակազմից, ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված ընթացիկ իրավիճակը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ձմռան այս օրերին Ադրբեջանը փաստացի խոչընդոտում է Հայաստանից էներգամատակարարմանը:

«Իրավիճակը բարդ է, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հասարակությանը, որը դիմանում է բոլոր դժվարություններին: Բազմաթիվ խնդիրներ ունենք թե՛ պարենի, թե՛ դեղորայքի հետ կապված։ Վերջին երկու օրերին գումարվեց նաև էլեկտրաէներգիայի խնդիրը: Ադրբեջանը ոչ միայն չի թողնում սննդամթերք, դեղորայք բերել, այլ խոչընդոտում է մասնագետների այցը վթարի վայր՝էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար»,-նշել է պետնախարարը՝ կարևորելով ներքին ռեսուրսների խնայողական օգտագործումը:

Իրավիճակը բարդ է նաև մասնավոր հատվածում, քանի որ շրջափակման հետ կապված տնտեսությունը ևս ճգնաժամի մեջ է հայտնվել, բազմաթիվ մարդիկ կորցնում են աշխատանքը:

Պետնախարարի գնահատմամբ՝ Ադրբեջանի քաղաքականությունը հստակ է՝ ճնշումների միջոցով հասնել Արցախի հայթափմանը:

«Բայց մենք պայքարում ենք մեր հայրենիքում, մեր հողի վրա ապրելու իրավունքի համար:Ու շատ ոգևորիչ է, որ մեր ժողովուրդն ընդունում է այս մոտեցումը: Բայց դա մեզնից, որպես ղեկավարներ, պահանջում է ժողովրդի հետ ազնիվ ու անկեղծ լինել, հասկանալ իրավիճակի ամբողջ լրջությունը»:

Պետնախարարը ներկայացրել է նորանշանակ նախարարներին՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարՍերգեյ Ղազարյանին, արդարադատության նախարար Սրբուհի Արզումանյանին, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանին և վերանշանակված՝ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանին.

«Չեմ ուզում շնորհավորել նորանշանակ նախարարներին, այլ ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ այս չափազանց բարդ իրավիճակում պատասխանատվություն ստանձնելու համար»:

Պետնախարարը նշել է, որ Կառավարությունն օգտագործում է բոլոր գործիքները՝ դիվանագիտական, իրավական, տեղեկատվական, և շարունակում է ամեն ջանք գործադրել՝ ճանապարհը բացելու համար, բայց միաժամանակ նկատել է, որ որպես կառավարություն, պարտավոր են պատրաստ լինել բոլոր հնարավոր զարգացումներին:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ շրջափակումն էապես փոխում է մարդկանց կենսակերպը՝ պարտադրելով խնայողություններ ու սահմանափակումներ, և բնակչության կյանքը չի կարող լինել այնպես, ինչպես սովորական պայմաններում: Պետնախարարը կարևորել է բնակչության շրջանում իրազեկման և բացատրական աշխատանքների իրականացումը և պաշտոնյաների, օպերատիվ շտաբի անդամների անմիջական հանդիպումներն ու շփումները մարդկանց հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում