Արցախ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են սոցցանցերում տեղեկություններ հավաքել Արցախի շրջափակման հետևանքների վերաբերյալ. Արցախի ԱԱԾ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են սոցցանցերում տեղեկություններ հավաքել Արցախի շրջափակման հետևանքների վերաբերյալ. Արցախի ԱԱԾ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, համացանցային տիրույթի մշտադիտարկմամբ և այլ միջոցառումներով բացահայտել է Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքների վերաբերյալ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տեղեկություններ հավաքելու փորձեր կատարելու բազմակի դեպքեր: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախի ԱԱԾ հայտարարությունից, որը տեղադրված է «Ֆեյսբուք»-ում Արցախի տեղեկատվական շտաբի էջում։

«Օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների անվամբ բացված կեղծ օգտահաշիվներն ու ներթափանցման հնարավորություն ու հասանելիություն ստացած ֆեյսբուքյան էջերը, ադրբեջանական հատուկ ծառայությունները տարբեր հարցեր ուղարկելով կամ ֆեյսբուքյան խմբերում գրառումներ կատարելով փորձում են հավաքագրել Արցախի Հանրապետությունում սննդի, բացակայող առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, հումանիտար օգնությունների վերաբերյալ տեղեկություններ։

Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից, տեղեկատվություն տրամադրելուց:

Նման նպատակներ հետապնդող հարցեր կամ զանգեր ստանալու կամ գրառումների հանդիպելու դեպքում խնդրում ենք դիմել Արցախի ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում