Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա, շարունակելու ենք ապրել. Արցախի պետնախարար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շնորհավորել է արցախցիների Սուրբ Ծնունդը՝ շեշտելով, որ այս տարի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը չափազանց անսովոր պայմաններում են նշում Արցախում, սակայն հայ ժողովրդին հնարավոր չէ ընկճել դժվարություններով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վարդանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
Նա շեշտել է, որ ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը, հայրենի հողում ապրելու վճռականությունը:
«Մենք մեր պատմության մեջ շատ ավելի բարդ փուլեր ենք ունեցել: Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա ու շարունակելու ենք ապրել: Ցանկացած ծանր շրջան անցողիկ է, մնայուն են մեր արժեքները, մեր ժառանգությունը, մեր հավատը: Սիրելի՛ արցախցիներ, շնորհավոր Սուրբ Ծնունդ: Քրիստոս ծնավ և հայտնեցավ»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը: