Արցախ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից երկու հիվանդներ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ

3 րոպեի ընթերցում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից երկու հիվանդներ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից երկու հիվանդներ հունվարի 4-ին տեղափոխվել են Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Առողջապահության նախարարությունը:

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում երկու հիվանդներ՝ «Ուղեղիկի աջ կիսագնդի ծավալային գոյացություն, գլխուղեղի այտուց, օգլուզիոն հիդրոցեֆալիա» և «Աչքի անոթային թաղանթի չարորակ գոյացություն՝ մելանոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երկու հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով 24 օր է՝ հումանիտար ճգնաժամի առաջ է կանգնել Արցախի 120 հազար մարդ, այդ թվում ՝ 30 հազար երեխա, 20 հազար տարեց ու շուրջ 9 հազար հաշմանդամություն ունեցող անձ։

Բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Դեկտեմբերի 30-ի տվյալներով «Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվել է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 12 բուժառու գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են եղել։

Դեկտեմբերի 19-ին Արցախում մեկ քաղաքացիմահացել էր, քանի որ ճանապարհի փակ լինելու պատճառով նրան չէին կարողացել Հայաստան տեղափոխել պատշաճ բուժումը կազմակերպելու համար:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ մեկ անգամ հումանիտար բեռ է ուղարկվել Արցախ։ Հիմնականում դեղորայք, մանկական կեր և բուժօգնության համար նախատեսված պարագաներ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններ մինչ այս տեղափոխվել էր 10 պացիենտ, որոնց թվում՝ 4 ամսական երեխա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում