ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են Լաչինի միջանցքի փակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին հանրապետությունում կարգուկանոնի պահպանման հետ կապված հարցեր:
Այդ համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարել է պատկան մարմիններին շարունակել կատարել իրենց պարտականությունների ուժեղացված ռեժիմով:
Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։