Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր».  «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» ՝ առաջատար. փաստավավերագրական, նոյեմբեր, 2022

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր».  «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» ՝ առաջատար. փաստավավերագրական, նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ նոյեմբերի վաճառքների։

Առաջին տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ն անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։

Երկրորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:

Երրորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքի միջոցով դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտնի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Ջոն Գրեյի «Տղամարդիկ Մարսից են, կանայք՝ Վեներայից» գիրքը չորրորդ տեղում է։ Գրքում հոգեբան Ջոն Գրեյն առաջնորդվում է այն գաղափարով, որ կանանց ու տղամարդկանց՝ տարբեր երևույթների ընկալումներն այնքան տարբեր են, որ նրանք կարծես տարբեր մոլորակներից լինեն: Խորանալով այդ տարբեր ընկալումների վերլուծության մեջ՝ հեղինակն անփոխարինելի գաղափարներ ու խորհուրդներ է մատուցում ընթերցողին, որոնք արդեն իսկ օգնել են միլիոնավոր մարդկանց բարելավել ու զարգացնել իրենց հարաբերությունները հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

Հինգերորդ տեղում է Ջոն Ք. Մաքսվելի «Առաջնորդության 21 անվիճարկելի օրենքները» գիրքը։ Միջազգային ճանաչում ունեցող առաջնորդության փորձագետ, հրապարակախոս և հեղինակ Ջոն Ք. Մաքսվելը, որը ամեն տարի ելույթներ է ունենում «Ֆորչըն 500»-ի վարկանիշով խոշորագույն ընկերությունների, միջազգային, պետական առաջնորդների և բիզնեսի ամենահաջողակ ներկայացուցիչների համար, մեկտեղում է ավելի քան քառասուն տարվա առաջնորդության փորձն ու հմտությունները «Առաջնորդության 21 անվիճարկելի օրենքները» գրքում: Մաքսվելը բացահայտում է առաջնորդության 21 համընդհանուր ճշմարտությունները՝ որպես օրենքներ, որոնք կարող են յուրաքանչյուրի ուղեկիցը դառնալ լավ առաջնորդ լինելու ճանապարհին: «Բիզնես ինսայդեր» ամսագիրը Մաքսվելին համարում է առաջնորդության ամենաազդեցիկ փորձագետն աշխարհում. դրա մասին վկայում է այն, որ նրա հիմնած կազմակերպություններն աշխարհով մեկ վերապատրաստել են ավելի քան 2 միլիոն առաջնորդ:

Դեյլ Քարնեգիի «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» գիրքը վեցերորդ տեղում է։ Քարնեգիի նոր թարգմանված գիրքը արդեն հասանելի է ընթերցողներին: Պետք է կարողանալ վայելել կյանքը՝ ինչպիսին էլ որ այն մեզ բաժին ընկած լինի։ Անհանգստությունը մեծագույն չարիք է, որը ավելի շատ է քայքայում մարդու առողջությունը, քան ցանկացած հիվանդություն։ Քարնեգին այս գիրքը գրել է հենց այդ նպատակով, որպեսզի ուրիշ մարդկանց հետ կատարված օրինակների հիման վրա մեզ պարզ և մատչելի կերպով սովորեցնի ամենակարևորը. որ կյանքը պետք է շարունակել վառ գույներով...

Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն գաղտնիքը» յոթերորդ տեղում է։ Օրեցօր առաջնորդվելով հաջողության այս պարզ ծրագրով՝ դուք աստիճանաբար կհասկանաք մեկ կարևոր ճշմարտություն. դուք «բնության մեծագույն հրաշքն եք»… Դուք հազվագյուտ և յուրահատուկ արարած եք: Դուք մի քանի միլիոն տարվա էվոլյուցիայի վերջնարդյունքն եք: Դուք և՛ ուղեղով, և՛ մարմնով առավել եք Սողոմոնից, Կեսարից կամ Պլատոնից և ի զորու եք ձեր կյանքը դարձնել գեղեցիկ ու իմաստալից: Դուք ձեզանից առաջ ապրած ցանկացած մեկից ավելի մեծ ներուժ ունեք: Բայց դուք երբեք «որևէ բանի չեք հասնի», եթե ձեռքներդ ծալած նստեք և աշխարհին պատմեք, թե վաղվանից ինչպիսի մեծություն եք դառնալու…

Ութերորդ հորիզոնականում է Ջո Նավարոյի «Եղի՛ր բացառիկ» գիրքը։ FBI գործակալ Ջո Նավարոյի նոր գիրքը արդեն հասանելի է հայ ընթերցողին։ Երկար տարիներ FBI-ում աշխատելուց հետո, հեղինակը հերթական անգամ կիսվում է ձեռք բերված փորձով, որը բաժանել է հինգ հիմնական սկզբունքների՝ ինքնատիրապետում, հետևողականություն, կոմունիկացիա, գործողություն, հոգեբանական կոմֆորտ։ Սա իսկական առաջնորդների համար գրքի նոր ֆորմատ է, որն ընթերցողին անպայման կօգնի իսկապես դառնալ և լինել բացառիկ։

Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն առեղծվածը» իններորդ տեղում է։ Օգ Մանդինոն այս գրքում մարդկանց տարանջատում է երեք խմբի՝ կամքի ուժ դրսևորող մարդիկ, ցանկություն ունեցող մարդիկ և ճակատագրի նախախնամությանը տրվող մարդիկ։ Կախված այն բանից, թե որ խմբին ենք մենք պատկանում՝ ստանում ենք այն, ինչին արժանի ենք։ Մենք ենք ինքներս մեզ կերտողը, մեր ճակատագիրը տնօրինողը, ուրեմն, որոշենք, թե որ խմբում ենք ցանկանում լինել:

Ջոն Պ. Ստրելեքիի «Կյանքի հինգ մեծ նպատակները» տասներորդ տեղում է։ «Կյանքի հինգ մեծ նպատակները» գիրքը ամերիկացի հայտնի գրող, «Սրճարան աշխարհի եզրին» միջազգային բեսթսելերի հեղինակ, քոուչ Ջոն Ստրելեքի հերթական ստեղծագործությունն է: Գրքում Թոմաս Դիրեյլ անունով գործարարի օրինակով ներկայացվում են արդյունավետ, սիրված և հաջողակ առաջնորդ լինելու գաղտնիքները: Գիրքը հարուստ է և՛ բիզնեսի համար կարևոր խորհուրդներով, և՛ ընդհանրապես, կյանքի վերաիմաստավորման ու վերարժևորման համար անչափ հետաքրքիր ու նոր գաղափարներով:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1 Ռոբերտ Կիյոսակի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» Անտարես 104
2 +3 Ջոն Ստրելեքի «Սրճարան աշխարհի եզրին» Դավինչի 87
3 * Ջո Նավարո «Ես կարդում եմ Ձեր մտքերը» Դավինչի 79
4 +3 Ջոն Գրեյ «Տղամարդիկ Մարսից են, կանայք՝ Վեներայից» Դավինչի 76
5 -4 Ջոն Ք. Մաքսվել «Առաջնորդության 21 անվիճարկելի օրենքները» Էդիթ Պրինտ 70
6 նոր download.jpg (9 KB) Դեյլ Քարնեգի «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» Ավրորա 63
7 -3 Օգ Մանդինո «Աշխարհի մեծագույն գաղտնիքը» Բուկինիստ 54
8 * Ջո Նավարո «Եղի՛ր բացառիկ» Դավինչի 45
9 -6 Օգ Մանդինո «Աշխարհի մեծագույն առեղծվածը» Բուկինիստ 44
10 * Ջոն Պ. Ստրելեքի «Կյանքի հինգ մեծ նպատակները» Դավինչի 41
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում