«Երևանյան բեսթսելեր»․ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին»-ը՝ կրկին առաջատար. մանկական. նոյեմբեր, 2022
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ նոյեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները:
Երկրորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:
Երրորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:
Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը չորրորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների միջոցով:
Հինգերորդ տեղում է «Գայլն ու յոթ ուլիկները» գիրքը: Գրիմ եղբայրների այս հեքիաթը, հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում: Սյուժեն շատ հայտնի է ու պարզ, այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:
Վեցերորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
Խնկո Ապոր առակներն ամփոփող «Առակներ» ժողովածուն յոթերորդն է։ Առակների հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին գրվել չափածո։
Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը․Փազլ» ստեղծագործությունը ութերորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ փազլի միջոցով:
Խնկո Ապոր առակներն ամփոփող «Առակներ․ գունավորիր ջրով» ժողովածուն իններորդն է։ Այն Երեխայի հետաքրքիր և զարգացնող ժամանցը ապահովող ջրով գունազարդվող յուրատեսակ գիրք է:
Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի «Հեքիաթներ»ժողովածուն տասներորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 | ![]() |
«20 հեքիաթ արքայադուստրերի մասին» | Դավինչի | 109 |
| 2 | 0 | ![]() |
«Շաղգամը» | Բուկինիստ | 94 |
| 3 | 0 | ![]() |
«Ով է ապրում տնակում» | Բուկինիստ | 92 |
| 4 | * | ![]() |
Հովհաննես Թումանյան, «Փիսիկի գանգատը» | Բուկինիստ | 68 |
| 5 | +2 | ![]() |
«Գայլն ու յոթ ուլիկները» | Բուկինիստ | 66 |
| 6 | -2 | ![]() |
«Բոքոնիկը» | Բուկինիստ | 65 |
| 7 | * | ![]() |
«Առակներ» | Բուկինիստ | 63 |
| 8 | * | ![]() |
Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը․Փազլ» | Բուկինիստ | 60 |
| 9 | * | ![]() |
«Առակներ․ գունավորիր ջրով» | GSM | 56 |
| 10 | * | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» | Բուկինիստ | 49 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:









