Արցախ

Արցախի ԱԳՆ-ն ապաշրջափակման համար համարժեք գործիքակազմ կիրառելու խնդրանքով կրկին դիմել է միջազգային հանրությանը

2 րոպեի ընթերցում

Արցախի ԱԳՆ-ն ապաշրջափակման համար համարժեք գործիքակազմ կիրառելու խնդրանքով կրկին դիմել է միջազգային հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Արտաքին գործերի նախարարությունը կրկին դիմել է միջազգային հանրությանը՝ Արցախի ապաշրջափակման համար համարժեք գործիքակազմ կիրառելու խնդրանքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արտաքին գերատեսչության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ ապօրինաբար շրջափակելով Արցախը և արհեստականորեն ստեղծելով ծանր հումանիտար պայմաններ Արցախի 120 հազարանոց բնակչության համար։

Շրջափակման պատճառով խախտվում են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։ Մարդիկ զրկված են ազատ տեղաշարժի, պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքից և կենսական նշանակության ապրանքների մատակարարումից։

Ստեղծված իրավիճակը Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ վարվող հայատյաց քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։

Արցախի արտաքին գերատեսչությունը շրջափակման օրվանից առ այսօր բազմաթիվ նամակ-դիմումներ է հղել տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների՝ հավաստի տեղեկատվություն տրամադրելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հայցելով համապատասխան աջակցություն՝ Արցախի ապաշրջափակման համար։

Ադրբեջանի քաղաքականությունը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին և անվերապահորեն պետք է արժանանա կոշտ արձագանքի»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում