Արցախ

Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհն Ադրբեջանի կողմից կեղծ պատրվակով  զավթելու վերաբերյալ նախաձեռնվել են քրեական վարույթներ. Արցախի դատախազություն

3 րոպեի ընթերցում

Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհն Ադրբեջանի կողմից կեղծ պատրվակով  զավթելու վերաբերյալ նախաձեռնվել են քրեական վարույթներ. Արցախի դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Գլխավոր դատախազությունը:

«Սույն թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպաններ, կեղծ պատրվակով ապօրինաբար զավթել են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաև ՀՀ-ից Արցախ գազի մատակարարումը:

Հիշյալ դեպքերի կապակցությամբ Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազության կողմից անհապաղ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում ձեռնարկված քննչական, այդ թվում Արցախի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ՝

- Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի զավթումը կազմակերպած Ադրբեջանի քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը հատուկ ծառայությունների նախկին կամ ներկա աշխատակիցներ են.

- բարձրաձայնվող բնապահպանական խնդիրը ընդամենը օգտագործվում է որպես սեփական արարքները արդարացնելու և դրանց հիմնավոր տեսք հաղորդելու միջոց.

- Ադրբեջանը հետապնդում է Արցախի Հանրապետության տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ.

- Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունները հակասում են 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին, դրանով արձանագրված ստատուս-քվոյին.

- Արցախի Հանրապետության քաղաքացիները, որպես այդ տարածքի բնիկ ժողովուրդ և իրավատեր, միջազգային իրավունքի ուժով ունեն այդ տարածքի հողի, շրջակա բնական միջավայրի, բնության և ընդերքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունք, որը Ադրբեջանը փորձ է անում անտեսել ու չեզոքացնել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում